Մշակույթ

30 տարի քանդեցին մեր մշակույթը, հիմա սկսվում է արդեն որնչացման գործընթացը. Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՊԱՀՊԱՆԵՆՔ, ՓՐԿԵՆՔ ՈՒ ՎԵՐԱԾՆԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Այսքան դրական փոփոխություններ են մեր երկրում ու էլի մշակույթը համարվում է երկրորդական… Ախր 30 տարի քանդեցին մեր մշակույթը ու փոխանակ սկսենք փշրանքներից կրկին հավաքել այն, հիմնվելով որոշ փրկված ու սեփական ուժերով մի կերպ գոյատևած բյուրեղների վրա, ոչ միայն շարունակվում է քանդելու գործընթացը, այլ նույնիսկ այն անցնում է արդեն որնչացման գործընթացի:

Թատրոններ, թանգարաններ, երաժշտական կոլեկտիվներ, որոնք ունեն տասնամյակների պատմություն կանգնած են կործանման եզրին:
Ասենք երաժտական կոլեկտիվների մի մասը միացան Հայաստանի պետական ֆիլհարմոնիային,մյուսն էլ Կամերային երաժշտության կենտրոնին,ի՞նչ է դա տալու…Ոչինչ…Քանի որ նրանք միևնույն է գտնվելու են ողորմելի վիճակում,դռնեդուռ ընկած փնտրելու են ինչ որ հովանավորներ,որպեսզի գոյատևեն:

Կասեք թող անցնեն ինքնաֆինանսավորմա՞ն… Այսինքն պետությունը իր ուսերից ուզում է գցել մշակույթը… Չեմ կարծում,որ մեր վարչապետը այդպես է մտածում,քանի որ բազմիցս նա անդրադարձել է երկրի մշակութային քաղաքականության կարևորությանը: Մշակույթը հավասարազոր է երկրի պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը ու յուրաքանչյուր անհատ,երաժշտական կոլեկտիվ, թատերախումբ, կինոգործիչ, նկարիչ, քանդակագործ պատասխան են տալիս ապագա սերունդների մակարդակի,այսինքն երկրի անվտանգության համար:

Լավ, ասենք ՊՈԱԿ-ներն ուզում եք միավորել,ուրեմն բարեհաճեք վերականգնել մի այնպիսի հզոր հիմնարկ,ինչպիսին ժամանակին ՀԱՅՀԱՄԵՐԳՆ էր,ուր հավաքված էին երկրի բոլոր պետական երաժշտական կոլեկտիվները և լավագույն մենակատարները: Այն երբեք չի ղեկավարել,այլ կազմակերպել է երկրի մշակույթը,մեր կոլեկտիվների ու անհատների հյուրախաղերը ամբողջ աշխարհով մեկ և աշխարհի տարբեր անկյուններից անվանի դեմքերի հյուրախաղերը Հայաստանում:

Հայհամերգը ուներ գեղարվեստական խորհուրդ,որը մի շրջան ղեկավարում էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը: Այն քննարկում էր յուրաքանչյուր համերգ,կամ միջոցառում,տալիս իր գնահատականը, ընդունում պրոֆեսիոնալ որոշումներ,քննադատում անհաջողությունները և խրախուսում հաջողությունները:

Դա պրոֆեսիոնալների մի հզոր բանակ էր,որին վստահում և աջակցում էր պետությունը: Այ եթե ստեղծվի նման պրոդյուսերական կառույց,միայն այդ դեպքում միավորումը կարող է տալ իր պտուղները: Իսկ եթե չեք կարող,ուրեմն բարեհաճեք չքանդել եղածը,թողեք մարդիկ աշխատեն:

ԻՆչ վերաբերվում է թատրոններին,մի բան կարող եմ ասել: Մի թե այդքան վարակիչ էր Մեդվեդևի այն անհեթեթ հայտարարությունը,որ Ռուսաստանում պետական թատրոնների թիվը պիտի կրճատվի,այն էլ,երբ 2019 թվականը Պուտինի հրամանով Ռուսաստանում հայտարարված է Թատրոնի տարի:

Ուրիշ լավ բան չկա՞ր ընդօրինակելու: Ինպե՞ս կարելի է փայտիկի մեկ շարժումով ոչնչացնել մեծանուն վարպետի՝Սոս Սարգսյանի թողած ժառանգությունը,որն այսօր ունի արժանի հետնորդներ,ի դեմս նրա աշակերտների և կրտսեր գործնկերներների: Կամ նույն կամերային թատրոնը,որը միշտ ունեցել է իր հանդիսատեսը, երաժշտական կամերային թատրոնը,որն անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով աշխատել է ու բեմադրել հետաքրքիր ներկայացումներ…

Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի ժառանգությունը չգիտես ինչու որոշվում է միացնել Չարեցի թանգարանին….Ասում են մեռյալ հոգիներ կան,ուռճացված հաստիքներ… Եթե դա հայտանաբերել եք,պայքարեք դրա դեմ,այլ ոչ թե ոչնչացման հետևից:

Ասում եք,որ սա որոշում չէ,սա ընդամենը վերլուծություն է եղել,աշխատանքային սևագիր թուղթ, վերլուծություն,որը չգիտես ինչպես դուրս է եկել նախարարության պատերից… Ուրեմն նախարարությունում տիրում է նույն իրավիճակը,որն եղել է տասնամյակներ շարունակ ու ոչինչ չի վերահսկվում: Չնայած այս հանգամանքում լավ է,որ արտահոսք եղավ,թե չէ սուս ու փուս մշակույթի հարցերը կլուծվեր:

Խելքի եկեք… Ամոթ է անգամ նման կործանիչ սևագիր թուղթ գրելը: Սրա համար չէ, որ պայքարեցինք կողք կողքի ու հաղթեցինք, սա արված է նոր Հայաստանի դեմ:

Այսքանից հետո ավելի լավ է չունենանք մշակույթի նախարարություն, քան ունենանք նմանը: Հուսամ այս հարցը,եթե ճիշտ են այս լուրերը, ներկայացվի կառավարություն,այն չի ընդունվի:

Եկեք պահպանենք, փրկենք և վերածնենք մեր մշակույթը»:

Կիսվել