Մարտի 1-ը չեն նշում, մարտի 1-ը հիշում են և դասեր քաղում. Ռոբերտ Մելքոնյան
Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ ՀՀ քաղաքացիներին կոչ է անում աղքատությունը հանել մեջներից, ուղեղներից, փորձել աշխատել և հարստանալ: Իսկ նա գիտի՞, թե քանի ընտանիք է աղքատությունից դուրս գալու կամ լավ ապրելու համար դռնեդուռ ընկել, քանիսն է խարդախության, քցելու, խաբելու, այդ նպատակով գողություն կատարելու համար դատապարտվել, քանիսն է լքել Հայաստանը և գտնվում հետախուզման մեջ, քանիսն է վարկերի, պարտքերի տակ ճկռում և բարեկամների, ծանոթների, ընկերների տներում «քարշ» գալիս:
Չգիտի՞… Գիտի… Հաստատ…
Այդ դեպքում ո՞ւմ են պետք այդ կոչերը, ամոթանքներն ու գոռոցները։ Հա՛, մեղքն իր, իրենց կառավարության վրայից գցելու համար է հավանաբար։ Այդ դեպքում ինչո՞վ եք տարբերվում նախորդներից։
Ողջ քաղաքակիրթ աշխարհում պետությունը, հասարակությունը, բոլորը կանգնած են քաղաքացու, անհատի կողքը, և ամեն ինչ արվում է նրանց բարեկեցիկ կյանքի ապահովման և անվտանգության համար: Իսկ մեր ներկա իշխանությունները քաղաքացուն տեղադրել են պտտվող վանդակի մեջ և ասում են՝ քայլիր, սկյուռի նման «ֆռա», ինչքան կարող ես, ինքնուրույն, մենակ ու հարստացիր, իսկ մենք կնայենք հեռվից ու կոգևորենք քեզ։
Նախկինները վատն էին, «բոբո», բա դուք ի՞նչ եք։ Հերիք է՝ մեկ տարի անընդհատ այդ մասին խոսեք։ Դուք ի՞նչ եք արել. տնտեսությո՞ւնն է զարգացել, կոռուպցիա, մոնոպոլիա, գնաճ, սղաճ չկա՞, ներդրումնե՞րն են շատացել, արտագա՞ղթն է նվազել, հայրենիք եկող, հայրենասեր հեռակայողնե՞րն են օդանավակայններում հերթ կանգնել… Էլ չեմ խոսում ստեղծված քաոսի, միջազգային, միջպետական հարաբերությունների աջաբսանդալի, սիրողական մակարդակի ու անորոշ վերաբերմունքի ու գործելակերպի, քաղաքական-անձնական հաշվեհարդարների դեպքերի մասին:
Իսկ դուք դեռ մարտի 1-ը նշում եք հուժկու համազգային երթ կազմակերպելով, շահարկում այն, քաղաքական շոու սարքում՝ հերթական էյֆորիայի դոզան «սրսկելու» համար..
Մարտի 1-ը չեն նշում, մարտի 1-ը հիշում են և դասեր քաղում, և կոչով չեն հրավիրում, չեն տանում հուժկու երթի, այլ հիշում են և ցավում, հիշում, որ մեղավոր են իշխանությունները և հատկապես քաղաքացիներին փողոց հանող, նրանց անկարգությունների տանող առաջնորդները, սադրիչ, հրահրիչ ելույթներով կերակրողներն ու անհնազանդության ակցիաներ կազմակերպողներն ու վերջում վախկոտի նման նրանց լքողները»։