Հեղափոխությունը դուք դեռ կտեսնեք․ ոտքի են կանգնում ուսուցիչները
Ուսուցիչների շրջանում հասունացող դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ մարտահրավերն է։ Հեղափոխությունը թմբիրից արթնացրել է երկար ժամանակ ամորֆ վիճակում գտնվող ուսուցչական հանրույթին, և դժգոհությունը, որն այժմ նրանք փորձում են արտահայտել, առավել քան արդարացի է։
Մի խումբ ուսուցիչներ նախօրեին մամուլի ասուլիս են հրավիրել և հայտարարել, որ եթե իրենց աշխատավարձը չբարձրանա, դասարաններում աշխակերտների թիվը չնվազեցվի, չբարելավվի մանկավարժների ատեստացիայի համակարգը, իրենք դիմելու են գործադուլի։ Օրերս՝ Մերգելյան ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով թիվ 196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանի՝ աշխատավարձի բարձրացման վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ բյուջեում գումար չկա, որովհետև, ըստ ԿԳ նախարարի ներկայացրած տվյալների՝ ուսուցիչների աշխատավարձն ընդամենը 10 տոկոսով բարձրացնելու համար հավելյալ 7 մլրդ դրամ գումար կպահանջվի։
«Թվում է, թե բյուջեում փող չունեն միայն ուսուցչի համար։ Այն հարցին, թե ինչպես է, որ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ուսուցիչներինը՝ ոչ, պատասխանն ուղղակի ցնցող էր՝ պետական աշխատողները 500-600 հոգի են, դուք՝ ուսուցիչներդ, հազարավոր»,- արդեն ասուլիսում նախարարի խոսքը պատմում էր ուսուցչուհի Վարդանյանը։
Փետրվարի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, N 54 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Գասպարյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը չարձագանքի և չլսի իրենց խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, դիմելու են Արհմիությունների կոնֆեդերացիա, դրանից հետո մեկ շաբաթ կսպասեն, եթե կառավարությունը չարձագանքի, դիմելու են գործադուլի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։