Արյան վրա քաղաքական PR. Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արյան վրա քաղաքական PR
Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է և դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնոց բոցաշունչ ելույթներ, դեմքներին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում:
Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերատորները և լուսանկարիչները` ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահեցվեն կադրերում: Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է` ցանկալի է արտասահմանից, տեղական կադրերի ցածր որակավորման պատճառով:
Ըստ ճաշակի, ելույթներում կարելի է Աստվածաշնչից մեջբերումներ անել:
Ամերիկյան քաղաքական ֆիլմերում նման տեսարանները շատ են: Տարօրինակ կերպով այդ ֆիլմերում նման գործիչները բացասական հերոսներ են, հիշվող իրենց ցինիզմով:
Երբ սգո երթերը ինքնաբուխ են, դա մարդկայնորեն հասկանալի է և ընկալելի: Երբ կազմակերպված են ու արարողակարգային, ապա լուռ ծաղիկ են դնում ու հեռանում: Իսկ երբ բոցաշունչ ելույթ են ունենում, նշանակում է, որ ձեզ օգտագործում են:
Ամենակարևորը հանրային գնահատականն է. արդյոք հանրության համար դա ընդունելի է, թե ոչ ու հասունացման պահը դեռ հեռվում է»: