Այսօրվա իշխանության անտաղանդ կառավարումը պետք է օբյեկտիվ գնահատական ստանա. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ներկայիս հիմնը` «Մեր հայրենիքը» մեր հայրենիքի մասին չէ, մեր հայրենիքինը չէ: Խաչատրյան և խաչատրյանական անզուգահեռ երաժշտություն ունեցող երկիրը չի կարող, չպետք է կառչած մնա խղճուկություն արտացոլող, «թշվառ-անտերության» ողբի վրա հիմնված մի մեղեդու, որ երբեք չի էլ եղել առաջին հանրապետության պաշտոնական հիմն: Եվ այն չի եղել հայկական ո´չ իր բնույթով, ո´չ իր էությամբ: Առավել ևս պետության ոգին այն երբեք չի արտահայտել:
Եվ թանկ գնահատելով առաջին հանրապետությունը` այն ֆետիշացնել նույնպես չի կարելի: Դա կատարյալ հանրապետություն չէր և այդ օրերին նույնպես իշխանությունները բազում բացթողումներ էին անում:
Այսօրվա իշխանության անտաղանդ կառավարումը պետք է օբյեկտիվ գնահատական ստանա, բայց չի կարելի և չսատարել օբյեկտիվորեն ճիշտ նախաձեռնությունները:
Արամ Խաչատրյանի հիմնի ընդունումն իրոք օրվա հրամայական է, որքան էլ որ դրա անմիջական անհրաժեշտությունը թվում է թե չկա»: