Շոու-բիզնես

«Ինձ մեղադրում եմ, որ վերջին օրը կարող էի մամայիս կողքին լինել ու փրկել իրեն»․ Ռաֆայել Երանոսյանը` կյանքի ամենամեծ հարվածի մասին

Երբեմն, անտեսված հարցերի չհնչած պատասխանները շատ հետաքրքիր են լինում։ Tert.am Life-ի «Անծանոթը» խորագրի զրուցակիցն այս անգամ Ռաֆայել Երանոսյանն է։ Դերասանին հանդիպեցինք հարազատ միջավայրում՝ Կամերային թատրոնում։

Իր ձեռքով եփած մեկ բաժակ սուրճի շուրջ էլ ծավալվեց զրույցը՝ մանկության, գյուղի, կյանքի, ամենացավոտ թեմայի՝ մոր կորստի, անձնական կյանքի ու սեփական մոտիվացիայի մասին։ «Տրագիկոմեդիա» մեկ բառով այսպես է դերասանը բնութագրում իր կյանքը։

-Ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ։

-Եթե այս հարցն ինձ տային 10 տարի առաջ, բոլորովին այլ կերպ կպատասխանեի։ Փորձը ցույց տվեց, որ հանդիսատեսն ինձ սիրում է առաջին իսկ օրվանից, դա գալիս է իմ մաքսիմալ անկեղծությունից, անգամ, բեմում դերասանություն չեմ անում։ Ինձ համարում եմ տաղանդավոր, հակառակ դեպքում, շատ շուտ կմոռացվեի։

Ինձ ճանաչում ու սիրում են գրեթե բոլոր սերդի ներկայացուցիչները, դա էլ է ձեռքբերում։ Չնայած կան նաև մարդիկ, որոնք մեկնաբանում են, թե արածներդ կապիկություն չի՞։ Նրանց ուշադրություն չեմ դարձնում, իմ մակարդակը բարձր եմ պահում, իմ արած գործով փորձում եմ իրենց բերել իմ մակարդակին։

Ռաֆայել Երանոսյան

–Ինչպիսի՞ բնավորություն ունեք։

-Ես շատ եմ հոգի տալիս, նվիրվում, հետո միանգամից նեղանում, որովհետև նույն վերաբերմունքն եմ սպասում դիմացինից։ Երբ պատասխան վերաբերմունք չեմ ստանում, ինքս իմ մեջ սկսում եմ վերլուծել՝ ինչո՞ւ նման բան արեց իմ հանդեպ, ես իր հանդեպ այդպես չէի։ Կարող է այնքան ներս գցեմ, որ արտասվեմ։

-Հաճա՞խ եք արտասվում։

-Ես էլ միս ու արյունից մարդ եմ ու բոլորի նման կարող եմ արտասվել, այնպես եմ անում, որ ոչ ոք չտեսնի դա։ Միշտ և ամեն ինչ անում եմ, որ անգամ ամենամտերիմներս ինձ ուժեղ տեսնեն թե՛ հոգեպես, և թե ֆիզիկապես։

–Ո՞րն է Ձեր կյանքի մինչև օրս եղած ամենասարսափելի հարվածը։

-Մայրիկիս մահը։ Այդ պահին ես չկարողացա լինել նրա կողքին։ Մինչև օրս ինձ մեղադրում եմ, որ, գուցե, այդ օրը մամայիս կողքին լինեի, նա փրկվեր, բայց չկարողացա փրկել իմ մամային, քանի որ այդ օրը կողքին չէի։ Հիմա էլ գերեզմանոց գնալիս մամայիցս ներողություն եմ խնդրում։ Իմ մեջ նստվածք կա, որ, գուցե, ես տանը լինեի, ամեն ինչ ուրիշ կերպ լիներ (դերասանի մայրը հանկարծամահ է եղել, ընտանիքի մյուս անդամները նրա կողքին են եղել, Ռաֆոն ԱՄՆ–ից նոր էր վերադարձել և հաջորդ օրը պիտի գյուղ գնար, հեղ.)

Ռաֆայել Երանոսյան

–Այդ դեպքից հետո գյուղ` Ձեր հայրական տուն, գնալը դժվարացե՞լ է։

-Ոչ։ Գործի բերմամբ չեմ կարողանում հաճախ գնալ, բայց անգամ ազատ մեկ օրս անցկացնում եմ հայրիկիս ու հորաքրոջս հետ, որն ինձ համար հիմա նաև երկրորդ մայր է։

Մենք մամայիս մասին տխրելով չենք հիշում, իր հետ կապված բոլոր հիշողություններն ուրախ ու դրական են։ Ինքը շատ վառ կերպար է եղել՝ ընկերասեր, բարի, հաց տվող։ Վերքերը բուժվում են, բայց սպին մնում է։ Այս աշխարհում մնացողներ չկան, կարևորը կյանքդ այնքան լավ ապրես, որ քեզանից հետո մարդիկ դրական հիշողություններով քո մասին խոսեն։

Կիսվել