Վնասել ու կոտրել են Մանվել Գրիգորյանի մոր տունը. ներսում ամեն ինչ տակնուվրա են արել
Վնասել ու կոտրել են Մանվել Գրիգորյանի մոր տունը. ներսում ամեն ինչ տակնուվրա են արել:
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին, Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, խառնել տան իրերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետը:
Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, կատարողը կամ կատարողները ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ Արփենիկ Ավագյանին, ով 2004 թ.-ին մահացել է:
Աղբյուր՝ shamshyan.com