Տաթևի վանքը 9-րդ դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ (Տեսանյութ)
Տաթևի վանքը 9-րդ դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Տաթևի վանքի պատմությունը։ Այն Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկն է:
Տաթևի վանքը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։
Տաթևի վանքը 9-րդ դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը:
Ըստ Ստեփանոս Օրբելյանի, վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ:
8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը», Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը»:
Սյունիքի իշխաններ Օրբելյանների շնորհիվ 14-րդ դարում հիմնադրվում է Տաթևի համալսարանը, որը դառնում է գիտության խոշոր կենտրոն։ Դրան կից բացվում է Տաթևի մանրանկարչության դպրոցը։
Տաթևի վանքը
Վանքի որմնանկարները, շնորհիվ գեղագիտական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ որ 10 դ-ի եվրոպացի վարպետների կողմից արված որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:
Վանքի բակում 906 թվականին կառուցված ճոճվող սյունը միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի կառույցներից է:
Սյունը ծառայել է որպես երկրաշարժագիր, բացի այդ զգուշացրել է նաև թշնամու զորքի հարձակման մասին՝ ճոճվելով հեծելազորի դղրդյունից:
Ըատ ավանդությունների՝ Լենկ Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան սյունը։
Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին լծել զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել։
Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը։ Տեսնելով այդ՝ Լենկ Թեմուրը հեռանում է Տաթևից։
Վանքի վերականգնումը, վանական կյանքի վերածնունդը և վանքի կրթական նշանակության վերականգնումը այժմ «Տաթևի Վերածնունդ» նախագծի հիմնական նպատակներից է:
Հենց այս նախագծի շրջանակներում էլ կառուցվել է «Տաթևեր» ճոպանուղին: Զբոսաշրջիկների ուշադրությունը և հետաքրքրությունը Տաթևի վանքի հանդեպ կապված է ոչ միայն նրա բացառիկ պատմամշակութային և կրոնական արժանիքներով, այլև այս ճոպանուղու առկայությամբ:
2010 թ. կառուցվեց Հալիձորը՝ Տաթևի վանքը կապող ամենաերկար ճոպանուղին, որը իր երկարության (5752մ.) և կառուցման սեղմ ժամկետների շնորհիվ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: