«Ինքնաձիգի խզակոթով հարվածներ էի ստանում գլխիս, մեջքիս, ուսադիրներս պոկեցին». Օսիպյանը ցուցմունք է տալիս «Սասնա ծռերի» գործով
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ գունդը գրավել են, գրավողը ուրիշ բան կգրավի. 35 հոգի վեց հոգու վրա չի գնա գրավի, ապօրինի զավթել են: Տեղեկանալով այս ամենին՝ ես իմ ծառայողական մեքենայով ուղևորվեցի դեպի ՊՊԾ գունդ: Հասնելով Էրեբունու ոստիիկանության բաժին, տեսա մի խումբ ոստիկանների, պարեկային մեքենաներ:
Նկատեցի ՊՊԾ գնդի մուտքի դարպասների մոտ կայանած միկրոավտոբուս և շտապօգնության մեքենա և անկանոն ինձնաձիգերով մարդիկ են շարժվում, մտնում ներս դուրս գալիս, նաև տեսա մեր ոստիկանության աշխատակիցներին բաժնի դիմաց: Ինձ անմիջապես տղաները զեկուցեցին՝ ինչ է կատարվում և ինձ հորդորում էին, որ ես մի փոքր այս կողմ կանգնեմ, որպեսզի ինձ չթիրախավորեն, որովհետև կրակահերթեր էին լինում երբեմն:
Լսեցի տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, լսեցի և ձայնը տարբերեցի, Պավլիկ Մանուկյանի ձայնն էր, անմիջապես հասկացա, որ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել են և բաժանել: Անմիջապես տղաներից մեկի մոտի կապի միջոցով կապի մտա:
Դիմեցի, ասացի՝ Պավլիկ, Պավլիկ, բա՝ լսում եմ, ով ա, ասացի՝ ձեր հետ խոսում է գնդապետ Օսիպյանը, պատասխանեց՝ հա ինչ կա, ասացի՝ առաջարկում եմ դուրս գալ, զենքերը ցած դնել: Ասացի՝ դուրս եկեք, առաջացեք, ես էլ գամ Մարմարի աշխարհի մոտ, տեսնենք մի հատ զոհեր վիրավորներ ունենք, տեսնենք ինչ է կատարվում: Ինքը ընդունեց առաջարկս, ասաց՝ հիմա մոտենում եմ:
էրեբունու բաժնի մոտ նկատեցի պարոն Եղիազարյանին, նա մոտեցավ, տեղեկացավ՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ գնում եմ այնտեղ, ասաց՝ ես էլ եմ գալիս: Ձախ մայթով բարձրանում էինք, հասնելով քարերի աշխարհի մոտ, նկատեցի, որ դիմացի մայթին կանգնած էր Մարտիրոս Հակոբյանը՝ ինքնաձիգով, Պավլիկը, Սեդրակ, Աշոտը մոտեցավ:
Խոսակցությունը հետեւյալն էր, փորձեցինք բացատրել, որ սա ճիշտ չէ , իրենք իրենց էին ասում, ձգված տոնայնության վրա էր մեր խոսակցությունը եւ ես հասկացա, որ խոսակցությունները եւ բանակցությունները մեզ մոտ չի ստացվում, անարդյունք է: Փորձում էինք զոհվածների կամ վիրավորների մասին ինչ-որ բան տեղեկանայինք, ասացին՝ ում պետք է, մենք օգնություն ցույց տվել ենք, զոհ չունենք եւ այլն:
Արդեն ուզում էինք վերադառնայինք, Սեդրակը Նազարյանը ձեռքը մեկնեց եւ կապիս միջոցը անմիջապես վերցրեց, ես չէի տալիս, ինքը ասաց՝ տուր, մերն ա կապի միջոցը, դու էլ պետք ա գաս, սկսեցին բրդբրդել ինձ, բոլորը զենքերը պահեին իմ վրա, ասացին՝ հիմա կգյուլեմ քեզ ստեղ:
Ինքնաձիգի խզակոթով ես հարվածներ էի ստանում գլխի հատվածում, մեջքիս, ուսադիրներս պոկեցին, հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր, այդպես մտանք գունդ, հարվածներով ես պաշտպանվելով 5-6 հոգով ինձ հարվածում էին:
Անցակետով անցանք, ես նկատեցի, որ սեղանին համակարգիչներ են դրված, որով աշխատանք էր կատարում Վարուժան Ավետիսյանը: Ասացի՝ էս ի՞նչ եք անում, ասաց՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ: Անցանք մյուս սենյակ, մեր հետ միասին 8 ոստիկաններ կային, ոմանք՝ ձեռնաշղթաներով, ոմանք՝ մեկանգամյա օգտագործվող պլաստմասե շղթաներով: Մեզ էլ կանդալեցին՝ ինձ, պարոն Եղիազարյանին»,- պատմեց ՀՀ ոստիկաապետը:
Վալերի Օսիպյանի ցուցմունքը շարունակվում է: