Արմեն Գևորգյանը չի կալանավորվի. Վերաքննիչը մերժեց Դատախազության բողոքը
Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը՝ Արմեն Գևորգյանը։
«Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու մերժեց երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը», – ասաց Արմեն Գևրոգյանը։
Այսպիսով, նախկին փոխվարչապետը չի կալանավորվում։
«Այժմ ես պետք է գնամ աշխատանքի, որովհետև ստիպված շատ ժամանակ եմ կորցնում։ Մեր ընկերությունում շատ հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու, այդ թվում՝ ներդրումային», – ասաց Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք , որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Արմեն Գևորգյանին, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը, սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:
Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:
Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում:
Ի դեպ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը դեռևս որոշում չունի վճռաբեկ բողոք ներկայացնելու վերաբերյալ, այսօր Վերքաննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:
«Մենք Վերաքննիչ բողոք էինք ներկայացրել 190 հոդվածին համաձայն չլինելու հետ կապված ու տրամաբանորեն պետք է նաև վռաբեկ բողոք ներկայացնենք, բայց քանի որ դեռ չենք խորհրդակցել Արմեն Գևորգյանի հետ, չենք կարող ասել կնրեկայացնե՞նք, թե՞ չէ», – ասաց Արմեն Գևորգյանը։
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների գործողություններին, ապա, ըստ Գևորգյանի պաշտպանի, դրանք կայացրել են արդար դատական ակտեր:
«Մենք որևէ կասկած անգամ չունենք դատական համակարգի անկախության վերաբերյալ», – ասաց Էրիկ Ալեքսանյանը։