Մամուլ

«Ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել ևս վարչապետ չեն դառնում»․ Էդուարդ Շարմազանով

«Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին ադրբեջանական պատվիրակները քննադատել են ԵԽԽՎ-ին ՀՀ նախկին իշխանություններին ժամանակին դրական գնահատականի արժանացնելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

«Բաքվի պատվիրակները Հայաստանի նախկին իշխանությանը որակել են «քրեական և հակաժողովրդավարական»:

Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, ասեմ, որ մեր և ադրբեջանցիների միջև երբևիցե փոխադարձ «կոմպլիմենտներ» չեն հղվել:

Նորմալ մտածողություն և վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ հասկանում են, թե ինչ կարող է նշանակել, երբ Երևանը Ադրբեջանի «պատմական տարածք» հայտարարող Ալիևը, որ ընդամենը 2016թ. ապրիլին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, հանկարծ, մի քանի ժամում ՀՀ վարչապետի համար դարձավ «կիրթ»: Բայց սա ուրիշ թեմա է: Այժմ ըստ էության:

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարարություններին անդրադարձել են մեր պատվիրակները: Արձագանքելը, իհարկե, տեղին է և բնականաբար ողջունելի:

Միայն թե, երբ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հպարտ կեցվածքով ու խրոխտ Հայաստանի նախկին իշխանությանը անվանում էր «ավտորիտար ռեժիմ», ինչո՞ւ էիք լռում:

Ինչո՞ւ չէիք Փաշինյանին գլխի գցում, որ հպարտությունը՝ հպարտություն, անփորձությունն էլ՝ անփորձություն, բայց միջազգային բարձր ամբիոններից ելույթ ունենալուց ամեն բառ և ստորակետ կարևոր է, որ այդ ամբիոնը Հանրապետության հրապարակը չի, դիմացն էլ՝ միամիտ և անկեղծ, դյուրահավատ ժողովուրդը:

Թե՞ դուք էլ էիք կարծում, որ հեղափոխության գործը ամեն գնով առաջ տանել է պետք, անգամ պետությանը հարվածելով:

Ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել ևս վարչապետ չեն դառնում:

Այն ժամանակ, երբ ասում էինք՝ տղերք, մի արեք էդպես, երկիրն եք վարկաբեկում, ասում էին՝ «բոբո» ՀՀԿ-ականները, «չուզող» Ազգային ժողովը խանգարում է մեր թռիչքին:

Հ.Գ. Շատ ափսոս, որ սրած բիզը միշտ էլ իր տեղը գտնում է»- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը:

Կիսվել