Մամուլ

Տարիներ շարունակ հրամանատարները յուրացրել են զինվորների վառելանյութը․ ովքեր փորձել են կանխել թալանը, դաժան հաշվեհարդար են տեսել

ԱԱԾ հերթական բացահայտումը, որի մասին տեղեկացանք այսօր, վերաբերում է 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասում կատարված վառելանյութի յուրացումներին: Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 179-րդ հոդվածով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացումը:

ԱԱԾ աշխատակիցները պարզել են, որ մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ: «Վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև», – հաղորդում է ԱԱԾ-ն:

Լցակայաններից մեկի սեփականատերն ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը բերման են ենթարկվել: ՊՆ մեկ այլ զորամասում էլ նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները ավտոմոբիլային տեխնիկական նորոգելու համար պահեստամասեր են ստացել, դուրս են գրել իբրև ոչ պիտանի և, վաճառել են շուկայում, իսկ դրանց փոխարեն զինտեխնիկայի և ավտոմեքենաների նորոգման համար օգտագործել են օգտագործված պահեստամասեր:

Բանակում վառելիքի անօրինական բիզնեսի տարածվածության մասին բարձրաձայնվել է տարիներ շարունակ, բայց պաշտպանության նախարարները և դատախազությունը մատների արանքով են նայել այդ երևույթին, խուսափել են թեմայի շուրջ հրապարակային բացատրություններից: Նրանց հետ, ովքեր փորձել են կանխել թալանը, զորամասերի ղեկավարները դաժան հաշվեհարդար են տեսել: Այդ մասին վկայություններ կան բանակային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նյութերում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել