Մամուլ

«Սպանության դրդապատճառի մասին տեղյակ են բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն լռում և լռեցնում են»․ Մհեր Ենոքյանի բաց նամակը

Համացանցում տարածվել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի՝ տարիներ առաջ գրած բաց նամակը՝ 1996-ի ողբերգության մասին.

«Հարգելիներս, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր պարբերաբար լուսաբանում են իմ քրեական գործի հետ կապված մանրամասներ, քաղաքացիաներ, ովքեր անտարբեր չեն ՄԱՐԴՈՒ ու Հայաստանում արդարադատության իրականացման նկատմամբ:

Դուք իրավացիորեն հարցնում եք` ո՞րն էր 1996-ի հուլիսի 12-ի ողբերգության դրդապատճառը, քանի որ հասկանում եք, որ Իոսիֆ Աղաջանովի սպանությունը չի ունեցել շահադիտական բնույթ: Դա են ապացուցում բազմաթիվ փաստեր, որոնք կան հենց քրեական գործում: Իսկ ամենաակնառուն այն է, որ ոչ մեկը որևէ գումար չի պահանջել նրա հարազատներից: Ավելին` չեն վերցվել Իոսիֆի պարանոցի ոսկե խաչը շղթայով ու դրամապանակը: Իսկ դեպքից հաշված ժամեր անց մենք` Արամը և ես ներկայացել ենք ոստիկանություն:

Հարգելիներս, սպանության իրական դրդապատճառի մասին տեղյակ են Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկայիս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղյակ են վաղուց, սակայն լռում են և լռեցնում: Լռեցնում են ոչ միայն ինձ, այլև ԶԼՄ-ներին: Դեռ 16 տարի առաջ, երբ Արամը փոխեց իր ցուցմունքները, ըստ որի ինքն է սպանել Իոսիֆին խուլիգանական դրդումներով և առաջ քաշեց օդից վերցված, ոչ մի ապացույց չունեցող վարկած, թե իբր Իոսիֆի ծնողներից գումար պահանջելու նպատակով է կատարվել սպանությունը, ես քննիչին հայտնեցի ԻՐԱԿԱՆ դրդապատճառը, սակայն նա անմիջապես հեռացավ, ապա հաջորդ օրը եկավ ու ասաց. «Լռի, եթե չես ուզում, որ կամեռում մեռնես, հարազատներիդ մասին մտածի, աղբերդ ինստիտուտ գնալուց կընկնի ավտոյի տակ, մամադ լվացք փռելուց կընկնի 8-րդ հարկից»: Ճնշումներ սկսվեցին նաև հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից:

Ես լռեցի և հայտնվեցի մահապարտների խցում: Եթե խոսեցի մեկ անգամ, ապա կխոսեմ նորից: Ինձ լռեցնելու լավագույն ձևը մահապատժի դատապարտելն էր: Ինձ կտրեցին արտաքին աշխարհի հետ որևէ կապից, նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անդամներին չէին թույլատրում հանդիպել մահապարտների հետ: Բայց ծնողներիս ջանքերի շնորհիվ մահապարտների պատմության մեջ տեղի ունեցավ առաջին տեսակցությունը մահապատժի դատապարտվածի` այս դեպքում` ինձ հետ:

Խուց չթույլատրեցին մտնել կարմիր խաչի միջազգային կազմակերպության անդամներին, վերջիններս խնդրեցին գոնե մեզ մի քանի րոպե մենակ թողնել` առանց մեկուսարանի աշխատակիցների: Բանտի աշխատողները ինձ մի կողմ տարան և ասացին` մի բառ գործիցդ խոսել ես սրանց հետ, կսատկացնենք, ընտանիքիդ մասին մտածի: Կարծեցի, թե լույս է բացվել, բայց նորից ընտանիքս կորցնելու վախ ու խավար…լռեցի:

Եթե չեմ սխալվում 2003 թ-ին էր, «Արմենիա» ՀԸ-ից այցելեցին, նկարահանում արեցին, սկսեցի խոսել, բայց մոնտաժվեց ու ոչ մի խոսք քրեական գործիս մասին: Հետո նախագահի «ներումը»` ցմահ բանտարկությամբ, տեղափոխեցին Գորիսի բանտ: Այնտեղ Հ2 ՀԸ-ից այցելեց նկարահանող խումբ: Նորից պատմեցի ողջ ճշմարտությունը այս սպանության դրդապատճառի մասին,անգամ խնդրեցի օգնել ինձ` բարձրաձայնելու, թե ինչ է կատարվել իրականում: Նորից արգելեցին:

2004 թ-ին փախուստ կատարեցի Գորիսի բանտից, երբ 11 օր անց ինձ ձերբակալեցին, իմ մոտ հայտնաբերեցին երկու նամակ` հասցեագրված ՀՀ նախագահին և Վեհափառ Տիրոջը: Երկու նամակներն էլ ոչնչացվեցին ՀՀ Քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր, այսպես ասած, խորհուրդ տվեցին լռել:

Անցնենք առաջ` 2005 թ-ին ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի գրասենյակի աշխատակիցների միջոցով նախագահ Քոչարյանին ու Ամենայն հայոց Կաթողիկոսիհն ուղարկեցի նույնաբովանդակ նամակներ, որտեղ նշված էր 1996 թ-ին Իոսիֆ Աղաջանովի սպանության իրական դրդապատճառը: Մեկ ամիս առաջ ինձ թույլատրեցին ծանոթանալ անձնական գործիս, այնտեղ ես գտա փաստաթուղթ` ստացված Լարիսա Ալավերդյանի կողմից, որտեղ նա Նուբարաշենի բանտի պետին տեղեկացնում է, որ իմ երկու նամակները ուղարկվել են ՀՀ նախագահին ու Վեհափառին: Այն ժամանակ Վեհափառի կարգադրությամբ ինձ այցելեց Արամ քահանան, ով մինչ ինձ մոտ գալը, գնացել էր գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի մոտ` «Կոշ» ՔԿՀ, բայց Արամը, տեսնելով, քահանայի հագուստով մարդուն, հրաժարվել էր նրա հետ զրուցել և ասել` ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ եկեղեցուն:

Նույն նամակներիս կապակցությամբ ինձ այցելելեց նաև ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանը և ասաց. «Հանգիստ նստի տեղդ, հերիք ա դիմում գրես, քո գործը չի վերաբացվի, նայի, հա, ընտանիքիդ վնաս կտամ»:

Դրանից մոտ 2 տարի անց «Նուբարաշեն» այցելեցին դարձյալ Հ2-ից, տեսախցիկի առաջ պատմեցի սպանության դրդապատճառի մասին ու լրագրողուհի Ջուլիետա Ամիրխանյանին խնդրեցի չմոնտաժել ասելիքս: Սակայն հետագայում իմացա, որ ՀԸ ղեկավարությունը արգելել էր հենց այդ հատվածը հեռարձակել:

2009 թ-ի դեկտեմբերի 15-ին, երբ ես նորից հայտնվեցի ազատության մեջ, անձամբ տաքսի վարձեցի ու գնացի Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ: Պահակախմբին հանձնեցի մի նամակ, որտեղ դարձյալ հայտնում էի Իոսիֆի սպանության իրական դրդապատճառի մասին: Պահակախմբի պետն ինձ ասաց, որ նախագահը տանն է և րոպեներ անց նամակը նրա ձեռքում կլինի: Իմ մահապատժի դատավճռի տակ դրված է հենց նրա ստորագրությունը, այն պարզ պատճառով, որ բոլոր մահապարտների վճիռները անձամբ նախագահներն են ստորագրում: Սա էր պատճառը, որ նրան էլ ցանկացա տեղեկացնել:

Սույն թվականի հուլիսի 9-ին դիմումներ եմ ուղարկել երկրի աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան այրերին: Հարգելի և սիրելի քաղաքացիներ, լրագրողներ, մտավորականներ, արվեստի մարդիկ, ովքեր անտարբեր չեն մարդու, անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցող անօրենությունների, անարդարությունների նկատմամբ, այսօր ես բարձրաձայնում եմ դարձյալ ու դարձյալ` 1996 թ-ին հուլիսի 12-ին Արամի և Իոսիֆի միջև վիճաբանության և Արամի կողմից Իոսիֆին սպանելու հիմնական պատճառը եղել է վերջինի քրիստոնյա լինելն ու նրա հրեական անունը:

Արամը ատելությամբ էր լցված քրիստոնեության ու հրեաների նկատմամբ և գտնում էր, որ հայ ազգի թշնամիները ոչ թե թուրքերն են, այլ հրեաները, ովքեր հայերին պարտադրեցին ընդունել Քրիստոնեություն: Ի դեպ, Արամը մեծացել էր Բաքվում: Թե՛ Արամը, թե՛ նրա հայրը պնդում էին, որ Հայաստնում գոյություն ունի ինչ-որ գաղտնի հակահրեական կազմակերպություն: Սակայն ինչպես նրանք, այնպես էլ նախաքննություն իրականացնող մարմինը ստիպում էին ինձ լռել:

Արամը տառապում էր անլիարժեքության բարդույթով, վախենում էր դուրս գալ բակ, չուներ ընկերներ ու ընկերուհիներ, չէր շփվում մարդկանց հետ, բացի ինձնից, փակվում էր իր ննջասենյակում և կարդում Նիցշե ու նմանատիպ գրականություն: Մեր մեջ հաճախ բանավեճեր էին լինում, ես փորձում էի նրան համոզել, որ Աստված գոյություն ունի և Հիսուսը նրա որդին է, բայց նա ծիծաղում էր, ասում, որ Նիցշեն ճիշտ է, որ ոչ մի Աստված էլ չկա: Իմ ծննդյան օրերին, որպես հուշանվեր, խաչքար էր նվիրում ու ասում` հուսով եմ մի օր կհասկանաս, որ Աստված չկա, որ չարն է իշխում մեր կյանքում: Արամին հաճախ նեղացնում ու ծեծում էին բակի տղաները:

Նա ինձ խնդրեց, որ կարատեի հնարքներ սովորեցնեմ, որ արժանի հակահարված կարողանա տալ իրեն նեղացնողներին: Ես ասում էի, որ չի կարելի ատելությամբ լցվել մարդկանց նկատմամբ, որ հակառակը պետք է դուրս գալ շրջապատ, շփվել մարդկանց հետ, ընկերներ ունենալ, սակայն պատասխանում էր` բացի քեզանից ինձ ոչ մի ընկեր էլ պետք չի, ու ես քեզ կապացուցեմ, որ դուխով եմ, ուժեղ եմ, ու ոչ մի Աստված ինձ չի պարտադրի որ մյուս այտս դեմ տամ, երբ մեկին խփեն, հենց այդ պատվիրանն ա թուլացրել հայերին:

Այդ չարաբաստիկ օրը, երբ մենք երեքով նստած էինք Արամի ննջասենյակում, Արամի քույրը հյութ, միրգ բերեց և ասաց. «Արամը իր սովորության համաձայն հազարից մեկ իրեն այցելող հյուրին իր բունն ա հրավիրել, փոխանակ զալ հրավիրի»: Որոշ ժամանակ անց Արամը, նկատելով Իոսիֆի պարանոցի խաչը, Արամը սկսեց հայտնել իր կարծիքը հավատի նկատմամբ, հետո էլ, թե` անունդ Իոսիֆ են դրել, որ դու էլ տղա ունենաս ու անունը Հիսուս դնես, որ նա էլ ասի, թե իբր ինքը Քրիստոսն ա, որ հետ ա եկել, հա՞: Իոսիֆը հազիվ էր իրեն զսպում, բայց Արամի վերջին մտքից սկսեցին գոռգոռալ… շարունակությունը հայտնի է:

1996 թ-ին հուլիսի 12-ին, ժամը 17:30-ի սահաններում Արամը սպանեց Իոսիֆին: Ես վախեցած էի, շոկի մեջ, Արամի ձեռքից դանակը խլելու պատճառով վնասվել էին մատներս և արյունը չէր դադարում: Շտապեցի հեռանալ Արամենց տնից, բայց նա խնդրում, աղաչում էր, որ հանկարծ չհայտնեմ Ոստիկանություն: Արմինեն տանն էր, սպանության տեսարանից` հիստերիայի մեջ: Ես հեռացա, մատներիս կարեր դրվեցին, չգիտեի ինչ անել, նորից եկա իրենց տուն, Արամի հայրն արդեն տանն էր: Ասաց, որ կարևոր մարդ են սպասում: Ես ասացի, որ պիտի գնամ, այլապես ծնողներս կանհանգստանան: Արամն ու իր հայրը փորձում էին ինձ համոզել, որ մնամ, որ չգնանք ոստիկանություն: Հարցնում էի` ում եք սպասում, ոչինչ չէին ասում: Ես խոստացա, որ ոչինչ չեմ պատմի սպանության մասին, գնացի տուն, նորից հետ եկա:

Կարևոր մարդն արդեն եկել էր` Արամի հորեղբայրն էր: Արամն ինձ պատմեց, որ Իոսիֆի դին արդեն տանը չի, որ հորեղբոր մեքենայով են տարել ու թաքցրել: Ասացին, որ նա շատ կապեր ունի ոստիկանությունում և կհետևի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, իսկ ես պիտի ոչ մեկին չհայտնեմ կատարվածի մասին: Ես չհամաձայնվեցի, ասացի, որ գնում եմ Ոստիկանություն: Ասացին, որ եթե ես հայտնեմ, ապա Արամին մահապատիժ կտան, ասացին, որ ես իրավունք չունեմ իմ ընկերոջ հետ այդպես վարվեմ: Ինձ սպառնացին, բայց ես պնդեցի, որ պետք է գնալ Ոստիկանություն: «Հիմա դու գնա Ձեր տուն, մենք կգնաք ու միասին բոլորս կգնանք ոստիկանություն»,- համաձայնեցին Արամի հարազատները: «Կասենք վեճ ա եղել, քֆուր-քյաֆար, հետո էլ չեք հիշում ինչ ա եղել, որ դու բաժանել ես»:

Երբ եկանք ոստիկանություն, ինձ մի դատարկ թուղթ տվեցին, որ ստորագրեմ, ասացին` հիմա խառնաշփոթ է, հետո կլրացնենք: Ես ի սկզբանե միշտ ասել եմ` թե գրավոր, թե բանավոր, որ Իոսիֆին սպանել է Արամը, ես փորձել եմ բաժանել, փորձել եմ խլել դանակը: Ես մեղայականով չեմ ներկայացել: Ոստիկանությունում ինձ սկսեցին ծեծել, ձեռքի ափով խփում էին գլխիս ու գցում գետնին, խփում մեջքիս, կրծքիս: Ոստիկանները ինձ պարտադրում էին ասել քննիչին, որ Արամին օգնել եմ ինչ-որ պայուսակի մեջ դրած թաքցնել դին` մի պատի ետևում: Ասում էին նաև, որ չպատմեմ, որ բութ գործիքը ոչ թե հաստ ձող էր, մեջը դատարկ, այլ ինչ–որ ռազվադնոյ կլյուչ:

Հաջորդ օրը ինձ սոված էին պահում ու ջուր չէին տալիս: Այսպես ասած` ակվարիումի մեջ էին պահում: Հետո ինչ-որ ապխտած, շատ աղի ձուկ տվեցին, ու քանի որ սոված էի, արագ կուլ տվեցի, հետո ջուր էի ուզում, բայց ոստիկանները չէին տալիս, միայն ծիծաղում էին ու ասում` քննիչին կասես էն, ինչ որ սովորացրել ենք: Հետո, երբ ինձ տեղափոխեցին «Նուբարաշենի» բանտ, քննիչ Քարիմյանին ես պատմեցի այս ամենի մասին, որ Իոսիֆի դիակը ես չեմ օգնել թաքցնել, անգամ գրավոր եմ գրել, ասացի նաև այն, որ ոչ մի ռազվադնոյ կլյուչ չի եղել, այլ ինչ-որ խողովակ: Նա պատռեց գրածս ու սկսեց բռուցքով հարվածել մեջքիս, կրծքիս: Ասում էր` ոչ մեկի անունը չտաս, ընտանիքիդ կսպանեմ, նայի, հա՛, մո՛րդ, հո՛րդ, աղբո՛րդ կվնասեմ: Նա շարունակում էր դաժան ծեծել ինձ: Ես գոռում էի, բայց ոչ ոք չէր գալիս… դե՛, դա նորմալ երևույթ էր բանտում, մանավանդ 90-ականներին:

Ահա և ողջ պատմությունը` դաժան ու անմարդկային, որի մասին բարձրաձայնել եմ, գոռացել` ինչքան ուժ ունեմ, բայց… ձայն բարբառո անապատի: Արդեն դիմել եմ, որպեսզի սկսվի նոր քննություն հայտնածիս կապակցությամբ: Այս ամենով հանդերձ, դեռ հավատում եմ Արդարադատությանը, վստահ եմ, որ առջևում բուռն ու ստեղծագործ կյանք ունեմ:

Հարգանքով` Մհեր Ենոքյան

Նուբարաշենի կլոր գերեզմանոց

Կիսվել