Քաղաքացիներին հորդորվում է զերծ մնալ “GetContact” հավելվածը ներբեռնելուց
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց:
«Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում: Ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում՝ բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաեւ այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում»,-ասված է գործակալության հայտարարության մեջ։
Ներբեռնելով եւ գրանցվելով GetContact-ում՝ հասանելի են դառնում այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը, հնարավոր է դառնում կիսվել էլեկտրոնային ձեւով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ, գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։
Գործակալությունը խորհուրդ է տալիս ու հորդորում է չներբեռնել եւ չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։