Մանվել Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին չեն, որոնք անհամատեղելի լինեն կալանքի հետ
«Ես չեմ բացառում, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կարող է լրացվել, քանի որ քրեական գործը բազմադրվագ է և մեծ քանակությամբ քննչական դատավարական գործողություններ են իրականացվում, նշանակվում են բազմաթիվ փորձաքննություններ: Որ դրվագի հետ կապված ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը կլրացվի հենց այդ ուղղությամբ»,- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման համար բողոքող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Դատախազը նշեց, որ ստացել են դատական ակտը և համաձայն չեն դատարանի որոշման հետ, ուստի պատրաստվում են բողոքարկել այն հենց այսօր։ Բողոքի քննությունն ավելի արագ կազմակերպելու համար, նախատեսված հնգօրյա ժամկետից ավելի վաղ՝ մեկօրյա ժամկետում են ներկայացնում Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը։
«Օրեսդրության համաձայն՝ վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից հետո 3 օրվա ընթացքում։ Ստացվում է, որ օրը ստանա նյութերը, դրանից 3 օրվա ընթացքում կնշանակի նիստ, ինչի ընթացքում կստուգվի Առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը»։
Դատախազությունը կարծում է, որ առկա են այն հիմքերը, որ ԵԿՄ նախկին ղեկավարը, ազատության մեջ մնալով, հնարավոր է պատշաճ վարքագիծը չցուցաբերի և խոչընդոտի նախաքննական ընթացքին։ Ապա անդրադառնալով պաշտպանական կողմի այն դիտարկմանը, որ Գրիգորյանն ունի շաքարային դիաբետ և քաղցկեղ, որոնք համատեղելի չեն խափանման միջոց կալանքի հետ, Դավթյանը նշեց․
«Դատախազությունը գտնում է, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որոնք անհամատեղելի լինեն կալանքի հետ: Այդ առիթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննության, որի եզրակացությունը դեռևս չենք ստացել»։
Լիանա Մարտիրոսյան