Արցախի բանակը կհամալրվի ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333 միլիարդ դրամ: Այս մասին այսօր Արցախի խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ մանրամասնելով, որ դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի և միջոցառումների շնորհիվ․
«Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները:
Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետևողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»։
Բակո Սահակյանի խոսքով, 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված բյուջետային հատկացումների զգալի ավելացում 6.5 տոկոսով՝ ապահովելով առաջանցիկ աճ ընդհանուր ծախսերի աճի նկատմամբ․
«Գյուղատնտեսության ոլորտում բյուջեի նախագծի ձևավորման ընթացքում հիմնական շեշտը դրվել է ինտենսիվ զարգացման, հայեցակարգային մոտեցումների վրա, մասնավորապես՝ ոռոգման ոլորտում, որտեղ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար նախատեսված է 600 միլիոն դրամ, արտեզյան ջրհորների կառուցման և վերանորոգման ծրագրի համար՝ 400 միլիոն դրամ»։
Նա նաև անդրադարձել է այլ ոլորտներում սպասվելիք իրադարձություններին։
Լիանա Մարտիրոսյան