Խաչատրյանների կասկածելի գործարքները օֆշորում և գործարարի առեղծվածային մահը
Սեյշելյան օֆշորում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» (Bradwell InvestmentcCorp.) ընկերությունը մեղադրվել է միլիոնավոր դոլարների լվացման եւ հարկային խարդախության մեջ: Ընկերության սեփականատերը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին է՝ Արամ Խաչատրյանը։
«Հետք»-ը հայտնում է, որ մասնակցել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) «Դրախտային փաստաթղթեր» (Paradise Papers) նախագծին: Գլոբալ հետաքննական նախագծի շրջանակներում կայքին հասանելի է դարձել օֆշորային փաստաթղթերի հերթական արտահոսքը: Ավելի քան 13 մլն փաստաթուղթ է արտահոսել մեծ մասամբ օֆշորային ընկերություններ գրանցող իրավաբանական Appleby ընկերությունից եւ հասել գերմանական Süddeutsche Zeitung թերթի լրագրողներին, որոնք էլ այդ փաստաթղթերը ICIJ-ի միջոցով հասանելի են դարձրել աշխարհի 90 մեդիա գործընկերների, այդ թվում՝ «Հետք»-ին:
Արտահոսած օֆշորային փաստաթղթերում տասնյակ հայեր կան։ Այս հրապարակմամբ կանդրադառնանք ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամների օֆշորային եւ հայաստանյան բիզնես գործունեությանը, որն առնչվում է նաեւ Երեւանում էլիտար կառուցապատումներով զբաղվող գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանությանը:
Փողերի լվացում եւ հարկային խարդախություն` օֆշորային գոտում
Սեյշելյան Հանրապետության Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. գարնանը սկսել է հետաքննել Սեյշելյան Հանրապետությունում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերության Barcalys Bank (Offshore)Seychelles Ltd-ում ունեցած բանկային հաշվի ֆինանսական հոսքերը՝ փողերի լվացման կասկածանքով: Ընկերության բանկային փոխանցումները կասկածներ են առաջացրել, եւ Ֆինանսական դիտարկման կենտրոնը 2014թ. ապրիլի 1-ից սառեցրել է ընկերության ավելի քան 6,5 մլն դոլարի շարժը:
Ֆինանսական դիտարկման կենտրոնը «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատիրոջից պարզաբանումներ, ապացույցներ եւ փաստական այլ տվյալներ է պահանջել մի շարք փոխանցումների վերաբերյալ: Որպես «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ»-ի սեփականատեր հանդես է գալիս Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը:
Գագիկ Խաչատրյանը 1996 թվականից պետական պաշտոններ է զբաղեցրել Հրազդանի, Մաշտոցի, էրեբունու, Շահումյանի հարկային տեսչություններում, հիմնականում տեսչության պետի պաշտոնում: 2001-ին նշանակվել է Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Արդեն 2008-ից մինչեւ 2014-ը գլխավորել է Պետեկամուտների կոմիտեն՝ մինչեւ այն միացվեց Ֆինանսների նախարարությանը, եւ 2014-2016թթ. եղել է ֆինանսների նախարար, որպեսզի իր անվան հետ բիզնեսներ չկապեն, պաշտոնյան իր հարազատների ու ընտանիքի անդամների միջոցով է բիզնես գործունեություն ծավալել, երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ հովանավորել է դրանց անխափան առաջընթացը: 41-ամյա Արամ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի հանգուցյալ եղբոր որդին է: Գրանցված է Եղվարդի նույն
հասցեում՝ Գագիկ Խաչատրյանի հոր՝ Գուրգեն Խաչատրյանի հետ:
Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերը՝ կարելի է եզրակացնել, որ Արամ Խաչատրյանը Խաչատրյանների բիզնեսում առանցքային անձ է: Խաչատրյանների ընտանեկան բիզնեսը նա կամ տնօրինում է, կամ բաժնեմաս ունի, կամ էլ նախկինում ունեցել ու տնօրինել է դրանք:
Արամ Խաչատրյանը 2005-ից մինչեւ 2011թ. Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կիսել է հրուշակեղեն եւ սննդամթերք ներկրող եւ մատակարարող «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ընկերության բաժնեմասը: 2011-ից Արամ Խաչատրյանին է փոխանցվել ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը: Արամ Խաչատրյանը 2012-ից մինչ օրս նաեւ «Մեգաֆուդ» ՍՊԸ-ի տնօրենն է: «ՄԵԳԱ ՖՈՒԴ»-ն ավելի քան 30 ապրանքանիշների ներկայացուցիչն է Հայաստանում: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի՝ «ՄԵԳԱ ՖՈՒԴ»-ի ապրանքաշրջանառությունն աճում է շատ արագ, եւ 2017 թվականին ընկերության ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա: