ՄամուլՄշակույթ

Նոր դրամաշնորհային մրցույթ՝ մշակույթի նախարարության կողմից

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է 2019 թվականին դրամաշնորհային ծրագրերի մրցութային նոր համակարգի ներդրման մասին։ Մրցութային նոր համակարգը գործողության մեջ կմտնի 2018 թվականի դեկտեմբերի 3-ին։

Դրամաշնորհային մրցույթները սահմանված են ութ անվանակարգային ծրագրի համար, որոնք ընդգրկում են հետևյալ ոլորտները. տեսային և մեդիա արվեստներ (կերպարվեստ, վիդեոարվեստ, կինո, լուսանկարչություն, դիզայն, դեկորատիվ-կիրառական արվեստ), կատարողական արվեստներ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ), մշակութային ժառանգություն (այդ թվում՝ թանգարաններ և գրադարաններ), գրականություն, մշակութային կրթություն, ժողովրդական արվեստներ և արհեստներ։

Մրցույթներն անցկացվելու են հատուկ կազմավորված մասնագիտական հանձնաժողովների մասնակցությամբ, որոնք գործելու են անկախ սկզբունքով։ Դրամաշնորհային ծրագրերի մրցութային համակարգի ներդրման հիմնական նպատակն է ստեղծել պետական դրամաշնորհների բաշխման թափանցիկ և մրցակցային հարթակ, խթանել ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցումը, նպաստել ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը և արդյունավետ կառավարմանը, միջազգային հարթակներում՝ հայկական մշակույթի և արվեստների ներկայացմանը և համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը:

Դրամաշնորհային մրցութային ծրագրերի ուղղությունները, նպատակները և մասնակցության պայմանները, ներառյալ՝ հայտաձևը, ընդունման ընթացակարգը և ժամանակացույցը, գնահատող հանձնաժողովների աշխատակարգը սահմանված են համապատասխան կանոնակարգով և կից հավելվածներով, որոնք կարելի է ներբեռնել նախարարության կայք էջի «Դրամաշնորհային մրցույթներ» բաժնից։

Կիսվել