Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի. Շիրինյան
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել:
«Նա միշտ ինչ-որ անորոշ բաներ է որոնում: Ավելի լավ է Սերժ Սարգսյանին հարցնեք, թե ինչպիսի խոսակցությունն է եղել», – ասաց Շիրինյանը՝ անդրադառնալավ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ ինքը հորդորել է Սերժ Սարգսյանին հանձնել 5 շրջանները, մինչդեռ Սարգսյանը հրաժարվել է:
Ըստ քաղաքագետի՝ այսպիսի հայտարարությունները նպատակ ունեն ճնշում գործադրել Հայաստանի քաղաքական պրոցեսների վրա:
«Ալիևը խոսում է Արցախի հարցի նպաստավոր լուծման մասին, Լուկաշենկոն՝ Սերժ Սարգսյանի չհամաձայնվելու: Նրանք մի ցանկություն ունեն՝ զորք մտցնել Արցախ: Բայց ես խորհուրդ կտայի այդ հայտարարությունները լուրջ չընդունել: Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի, Մինսկի խումբ կա», – ասաց նա:
Քաղաքագետի որակմամբ՝ նման հայտարարությունները հարևան երկրների խառնակչության արդյունք են: Շիրինյանը պնդեց՝ բազմիցս ասել է ու շարունակում է պնդել՝ Արցախի հարց գոյություն չունի, ուստի կարիք չկա այդ հարցն անընդհատ շահարկել, այն պարզապես պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում:
Հիշեցնենք, երեկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն լրագրողներին մանրամասներ էր ներկայացել ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցի մասին, որտեղ Սարգսյանին առաջարկվել է Ադրբեջանին հանձնել 5 շրջանները, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ, մինչդեռ Սարգսյանը հրաժարվել է:
Իր հերթին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և կառուցողական լուծումներ փնտրել: Ալիևը Թվիթերի իր էջում գրել էր, որ 2019 թվականը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացին:
Աղբյուր՝ aysor.am