Մամուլ

«Մենք իսկապես, ախր, Աստծուց շատ մեծ նվեր ենք ստացել՝ մեր հայրենիքի տեսքով». Նիկոլ Փաշինյանը

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վեդիում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսեց գյուղատնտեսական խնդիրներից՝ եղանակային պայմաններից կախվածություն, ոռոգում, կարկուտ, ցեց, արտահանում, ջրամբարների կառուցում և այլն։

«Ամբողջ աշխարհի միտումը հետևյալն է՝ ինչքան մի դար առաջ սկսեց բարձր գնահատվել նավթը, հիմա էդքան բարձր գնահատվում է ջուրը։ Եվ մենք ունենք էդ ջուրը, մեր խնդիրն է՝ կուտակել ու պահել էդ ջուրը»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու դրան։

Նա նշեց, որ Հայաստանի հաջորդ հարստությունը բնությունն է, որ ունիկալ երևույթ է. «Մենք իսկապես բառիս բուն իմաստով դրախտավայր երկիր ունենք, որտեղ բնաշխարհն անընդհատ, 50 կիլոմետրը մեկ փոխվում է, և մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից ուղղակի զարմացնող։ Մենք իսկապես, ախր, Աստծուց շատ մեծ նվեր ենք ստացել՝ մեր հայրենիքի տեսքով։ Աշխարհում էսպիսի չնաշխարհիկ երկիր ուղղակի կամ գոյություն չունի, կամ, եթե գոյություն ունի, կարելի է մատների վրա հաշվել։ Հետևաբար՝ մեզ պետք է երկրի անվտանգությունն ապահովել, երկրորդ՝ մեր աշխատանքով ապահովել մեր ազգային երջանկությունը մեր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում։ Եվ մենք դրա համար պետք է հետևողականորեն աշխատենք»,- ասաց Ն.Փաշինյանը։

Նա նշեց, որ արգելոցների աշխատակիցների աշխատավարձերը 50-100 %-ով բարձրացնելու են հաջորդ տարի, որպեսզի նրանք իրոք պայքարեն որսագողության ու փայտագողության դեմ։

Ն.Փաշինյանն անդրադարձավ էներգետիկային՝ կարևորելով ոչ միայն տանիքների վրա արևային կայանների տեղադրումը, այլ, որպեսզի ամբողջ տանիքը լինի արևային կայան. «Ընդհանուր առմամբ, մեր երկրի թիվ մեկ խնդիրն արդյունավետության բարձրացումն է, ամեն ինչի մեջ մենք պետք է լինենք մաքսիմալ արդյունավետ»։

Ն.Փաշինյանի խոսքով՝ ՀՀ ամենահրատապ խնդիրներից մեկն այն է, որ երկիրն աղբի տակ խեղդվում է, և հաջորդ գարնանը պետք է ծրագիր իրականացնեն, որ առաջին փուլով մաքրեն երկիրը։

Աղբյուր՝ 168.am

Կիսվել