Մամուլ

Կառավարությունը որոշեց հունվարի 1-ից բարձրացնել նպաստների ու կենսաթոշակների չափերը

Նպաստներն այսուհետ կենսաապահովման նվազագույն զամբյուղի չափից ցածր չեն լինի։ Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերն այսուհետ 25500 դրամից ցածր չեն լինի։ Նման  որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։

Ներկայում 16-19 հազարը չգերազանցող այս նպաստներն այսպիսով կհավասարվեն կենսաապահովման նվազագույն զամբյուղի պաշտոնապես ընդունված չափին։ Նախագծի նպատակը ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ Նպաստների նոր չափերը կգործեն 2019 թվականի հունվարի 1-ից։

Նշենք, որ դրանց չափերը վերջին 5 տարվա ընթացքում անփոփոխ էին մնացել։ Նպաստներն ավելացնելու վերջին որոշումը կայացվել էր 2013թ.-ին։

Հիշեցնենք` հունվարի 1-ից կառավարության որոշմամբ ավելանալու է նաև նվազագույն կենսաթոշակի չափը։ Այն ևս սահմանվել է 25 500 դրամ։ Բայց այդքան կստանան միայն նվազագույն կենսաթոշակ ստացողները` նրանք, ովքեր մինչև հիմա 25 500 դրամից ցածր էին ստանում, իսկ 25 500 դրամից բարձր կենսաթոշակները կմնան նույն մակարդակում։

Նվազագույն զամբյուղի և կենսաապահովման չափը Հայաստանում հաշվարկում է վիճակագրական կոմիտեն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` նվազագույն պարենային զամբյուղը թեև 25 500 դրամ է, բայց նվազագույն կենսաապահովման համար 1 անձին ամսեկան անհրաժեշտ է նվազագույնը 62 330 դրամ:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել