«Ես անձամբ պայքարելու եմ փաշինյանական այս մանևրների, ստերի դեմ, որովհետև ես տանուլ տալու հայրենիք չունեմ». Գևորգ Գևորգյան
168 ժամը զրուցել է ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի հետ: Նա որպես պատգամավորության թեկնածու՝ Կենտրոն-Էրեբունի-Նուբարաշեն-Նորք-Մարաշ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է ՀՀԿ ընտրացուցակով։ Գ. Գևորգյանն անկուսակցական է։
– Պարոն Գևորգյան, այս օրերին մենք տեսնում ենք, որ քաղաքական գործիչները չեն միայն ցուցակներում, մեծ թիվ են կազմում հասարակական գործիչներն ու լրագրողները, եթե ուշադրություն դարձնենք այս տենդենցին, ակնհայտ է, որ ասպարեզ են գալիս խոսքի մարդիկ, ի՞նչ կարծիք ունեք այս երևույթի մասին
– Տեսեք՝ ինչ է կատարվում, գալիս են ճարտասանության մեջ բավականին հմտացած մարդիկ, որպեսզի ով ինչքան կարող է՝ ներգործի ժողովրդի վրա, օբյեկտիվորեն թե սուբյեկտիվորեն, լինի խոստումներով, էմոցիոնալ խոսքով, կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի դրամատիկ ներկայացմամբ, փռել-ծեփելով թե գործի մարդ լինելով, և այլն: Իսկ մեր ժողովուրդն իր տեսակով համբերատար է և հույսեր տածող, հենց այս հատկանիշներն են թիրախավորվել Փաշինյանի կողմից, որը և օգնեց իրեն, ինչպես տեսանք, ամիսներ առաջ, իշխանության գալու հարցում, իսկ հիմա ի՞նչ է ուզում. ամեն գնով պահել այդ իշխանությունը:
– Ուզում եք ասել, որ խաբո՞ւմ են ժողովրդին:
– Այո, որովհետև 7 ամիսը մեծ ժամանակահատված է, իսկ կառավարությունն անգամ ոլորտների զարգացման տեսլականներ չի առաջարկում: Անընդհատ նախկին իշխանության բացթողումներն է ռասկրուտկա արվում, այսինքն՝ դեռ մնացել են բողոքական իմիջի մեջ, չգիտակցելով, որ այլևս կառավարման պատասխանատուներն իրենք են, իրենք են կառավարությունը, և ոչինչ իրենց չի խանգարում իրենց ծրագրերը բարձրաձայնելու և կյանքի կոչելու գործում:
Իրենք դեռ չունեն ոլորտների զարգացման կառավարության ծրագիրը: Լավ, մի հարց տամ, էս ժողովուրդը ե՞րբ է ապրելու, անընդհատ պետք է հավատա ու հուսալքվի, իրավունք չունի՞ նախորդ բոլոր իշխանություններից ավելի լավ իշխանություն ունենալու: Այս իրավիճակն անձամբ ինձ շատ է մտահոգում:
– Կարո՞ղ եք ասել, հատկապես ո՞ր հարցերն են, որոնք Ձեզ մտահոգվելու տեղիք են տալիս։
– Մի քանի օրինակ բերեմ տարբեր հարթություններից. Ինչո՞ւ Փաշինյանը հստակ չի ասում, որ դեմ է այլասերվածությանը, ինչո՞ւ չդատապարտեց, երբ մի խումբ պատվեր կատարողներ մտան և պղծեցին Մայր Աթոռի Վեհարանը, ինչո՞ւ հանդես չեկավ հստակ դիքորոշմամբ, երբ իր թիմակիցները (Կարպիս Փաշոյան և այլք…) աջ ու ձախ ծաղրեցին ապրիլյան քառօրյայի հերոսներին, ինչո՞ւ ձայն չհանեց, երբ իր նշանակած Անվտանգության խորհրդի քարտուղարը հստակ ասաց, որ հայրենասիրությունը հիմարություն է, Ազգ-բանակը՝ ներառյալ, պացիֆիստական գաղափարները սկսեցին ակտիվորեն շրջանառել՝ ի հակադրություն Ազգ-բանակի, դարձյալ ձեն-ձուն չկար ու չկա։
Ինչո՞ւ Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը չեղարկեց՝ առանց որևէ պարզաբանման, թույլ չտալով, որ այն ներառվի կրթական ծրագրերում: Հիմա էլ լուրեր կան, որ պատրաստվում են Կրոնի պատմությունը հանել դպրոցական ծրագրերից՝ տեղն առաջարկելով սեռական դաստիարակության դասընթացներ:
Ինչո՞ւ չի ասում, թե ինչ գործ ունի իր կուսակցության խորհրդի կազմում ԼԳԲՏ -ի ամենահայտնի պաշտպանը, և, վերջիվերջո, ինչո՞ւ չի ասում, որ այլասերվածներին դեմ է:
Թվարկածս ընդամենը որոշ մասն էր այն արշավների, որոնք ուղղված են ազգայինի դեմ: Իսկ ազգայինին դեմ լինել նշանակում է՝ մեր պետականությանն ու ժողովրդին դեմ լինել:
Այս իրավիճակը և գումարած՝ արտաքին քաղաքական լրջագույն սխալներն են, որ թշնամուն հույս են ներշնչում, որ Փաշինյանի օրոք Ղարաբաղի հարցն ի վերջո կլուծվի հօգուտ իրենց, այդ մասին վերջին շրջանում ոչ մեկ անգամ է հայտարարել Ալիևը:
ԱՄՆ-ը նույնպես, ինչպես տեսանք, չթաքցրեց իր հույսերը: Օրերս էլ ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն ՀԱՊԿ-ի շուրջ ծավալված իրավիճակի վերլուծությամբ հանդես գալով՝ ասաց, Հայաստանը կհանձնի 5 շրջան՝ 7-ից, իսկ անվտանգության գոտում հնարավոր է, որ տեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները: Ցավոք, բոլոր ճանապարհները տանում են դեպի Արցախի հարց: Ես անձամբ պայքարելու եմ այս փաշինյանական մանևրների, ստերի դեմ, որովհետև ես տանուլ տալու հայրենիք չունեմ, իսկ եթե իր անհեռատես կամ անփորձ, կամ չասեմ վատթարագույնը՝ ստերի պատճառով նորից հայտնվենք պատերազմական իրավիճակում, հասարակ ժողովուրդն է տուժելու, ոչ թե՝ ինքն ու իր մերձավորները:
Կրկնում եմ բազմիցս ասածս. Նիկոլ Փաշինյան, երբ խոսում ես հողերի հետ կապված ցանկացած հարցի լուծումը համաժողովրդական քննարկմամբ կամ հանրաքվեով լուծելուց, դու օգտագործում ես քեզ հավատացողներին՝ նրանց ուսերին բարդելով հետագա պատասխանատվությունը, ընդ որում, դա անում ես՝ առանց մեղքի զգացման, շատ լավ իմանալով, որ ոչ բոլորն են գիտակցում կամ խորամուխ լինում այդ հարցի մեջ: Դու այդ խորամանկ տրյուկը գործի դրեցիր նաև օգոստոսի 17-ի հանրահավաքում: Նիկոլ Փաշինյան, թույլ տուր հուշեմ քեզ. նախ հող չէ՛, այլ հայրենի՛ք է, իսկ հայրենիքի մասին ցանկացած խոսակցություն միայն պետք է պաշտպանությանը վերաբերի:
Առավել մանրամասն՝ 168.am