Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր քաղցկեղով են տառապում․ այդ մենք պետք է հաղթահարենք հիվանդությանը, ոչ թե նա՝ մեզ. եթե ուժեղ ես՝ կպայքարես
Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Իլոնա Սարգսյանը, ում մոտ 2016թվականին կրծքի չարորակ ուռուցք էին ախտորոշել, համաձայն է այս պնդման հետ։
«Ես կրծքիս մեջ ոչ մեծ կոշտացում զգացի, սակայն ուշադրություն չդարձրեցի՝ մտածելով, որ մաստիտ է։ Բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ ինձ մոտ կրծքագեղձի II աստիճանի քաղցկեղ է, որը տարածվել է լիմֆատիկ հանգույցներին։
Սթրեսն ուժեղ էր։ Ես ապրումների մեջ էի մտքից, որ քաղցկեղով եմ տառապում, որ կուրծքս կհեռացնեն, որ քիմիաթերապիայից մազերս կթափվեն»,- պատմեց Իլոնա Սարգսյանը։
«Ես չէի ուզում ապրել։ Սակայն սկսեցի պայքարել հանուն իմ փոքրիկ որդու սիրո»,- նշեց նա։
«Վիրահատությունից հետո պետք է քիմիաթերապիայի կուրս ընդունեի։ Ես շատ հիվանդանոցներում եմ եղել եւ տեսել եմ, որ այդ ոլորտում իսկական մաֆիա է գործում։ Ինձ լրացուցիչ կուրսեր նշանակեցին, դեղամիջոցներ, որոնք ինձ պետք չէին․․․ Մի բժիշկ քիմիաթերապիայի վեց կուրսի համար ինձնից 5 հազար դոլար պահանջեց՝ նշելով, որ դա այնքան էլ մեծ գումար չէ, եթե ուզում եմ ապրել։
Եթե անկեղծ՝ ես շոկի մեջ էի։
Բայց բախտս բերեց․ «Էրեբունի» ԲԿ-ում ես հանդիպեցի հրաշալի բժիշկ Հայկուհի Գեկչյան-Կժդրյանին, ով ղեկավարում է քիմիաթերապիայի բաժանմունքը։ Բուժման ողջ ընթացքում նա ինձ հետ միասին պայքարում էր։ Նա ասում էր․ «Դու պետք է ապրես։ Ես թույլ չեմ տա, որ դու թեւաթափ լինես»։ Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ մենք ընկերներ դարձանք։ Եվ, ի դեպ, մազերս քիմիաթերապիայից հետո չթափվեցին, քանի որ գլխիս հատուկ սառեցնող գլխարկ էին դրել»,- պարզաբանեց Սարգսյանը։
Նա ընդգծում է՝ այժմ իրեն լավ է զգում, քանի որ կողքին՝ հրաշալի բժիշկներ են, ովքեր թույլ չեն տալիս թեւաթափ լինել։
«Քաղցկեղը դատավճիռ չէ։ Եթե լավատես ես, եթե ցանկանում ես ապրել եւ պայքարել, եւ եթե նպատակ ունես, ապա ոչ մի հիվանդություն քեզ չի կոտրի։ Ես պայքարում եմ հանուն իմ 9–ամյա որդու։ Նա իմ միակ երեխան է, որին ես մեծ տարիքում եմ ունեցել, եւ ապրում եմ հանուն նրա։ Լաց չեմ լինի, դրանից ոչ մի օգուտ»,-նշում է նա։
Սարգսյանը խոստովանում է՝ կրծքի հեռացումը իսկական փորձություն է կնոջ համար։ «Շատ դժվար ես տանում։ Սիլիկոնային ներդիրը շատ անհարմար է, միշտ պահանջում է ուշադիր լինել, հատկապես երբ կռանում ես։ Իմ երազանքն է վերադարձնել նախկին կառուցվածքս, եւ շուտով այն իրականություն կդառնա շնորհիվ օնկոլոգիական վիրաբուժության եւ շնորհիվ ԱՄՆ-ում հայտնի վիրաբույժ Արթուր Սալիբյանի անհատույց օգնության։
Ցավոք, նրա նման բժիշկները շատ քիչ են։ Նախկինում Հայաստանում դիմել եմ շատ պլաստիկ վիրավույժների խորհրդատվության։ Գներն ուղղակի սարսափելի են․ 980 հազար միայն վիրահատության համար՝ գումարած 500-5000 դոլար սիլիկոնային իմպլանտի համար։
Սալիբյանի կողմից կատարվող վիրահատությունն անվճար է։ Նրա շնորհիվ իմ երազանքը իրականություն կդառնա։ Ես արդեն իսկ անցել եմ վիրահատության առաջին փուլը (մաստեկտոմիայի պատճառով մարմնիս այլ հատվածներից հյուսվածքներ են փոխպատվաստել) եւ հաջորդ տարվա մայիսին վերջնական վիրահատությունը կլինի, երբ կտեղադրեն իմպլանտը։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան»,-պատմում է Սարգսյանը։
«Ես կանանց կոչ եմ անում տարվա մեջ մեկ անգամ մամոգրաֆիա անցնել։ Ցավոք, Հայաստանում այդ զննության արժեքը բավականին բարձր է՝ 20 հազար դրամ։
Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր քաղցկեղով են տառապում․ այդ մենք պետք է հաղթահարենք հիվանդությանը, ոչ թե նա՝ մեզ։ Եթե ուժեղ ես՝ կպայքարես։ Կյանքն ինքին պայքար է»,-շեշտում է Սարգսյանը։
Աղբյուր՝ news.am