Ժամանց

«Նրանից չեմ վախենում, նա իմ աղջիկն է, կարծես իմ երեխան լինի»․ Հայուհին պատմում է, թե ինչպես է առյուծ վարժեցնում (Տեսանյութ)

«Նրանից չեմ վախենում, նա իմ աղջիկն է, կարծես իմ երեխան լինի»․ Հայուհին պատմում է, թե ինչպես է առյուծ վարժեցնում: Bravo.am-ը զրուցել է կենդանիներ վարժեցնող Ստեֆանիա Գրիգորյանի հետ։

– Հայաստանում որտե՞ղ կարելի է սովորել կենդանիներ վարժեցնել:

– Ոչ մի տեղ:): Որպես այդպիսին` դպրոցներ չկան: Կան փոքր կրկեսային խմբակներ, բայց կենդանիներին վարժեցնել այնտեղ չեն սովորեցնում: Կա մի տարբերակ` ծնվել-մեծանալ կրկեսում, տեսնել, թե ինչպես են վարժեցնում արդեն հմուտ վարժեցնողները եւ սովորել նրանցից: Ես այդպես եմ սովորել: Սկսել եմ վարժեցնել շնիկներին, կատուներին, որոշակի փորձ ձեռքբերելուց հետո` առյուծին:

– Ի՞նչ դժվարություններ կան առյուծին վարժեցնելիս:

– Առյուծը վայրի կենդանի է: Իրականում ավելի շատ առյուծն է քեզ վարժեցնում, քան` դու նրան: Որովհետեւ նրա հետ աշխատելիս նա է քեզ սովորեցնում, թե ինչպես վարվես իր հետ, ինչ մոտեցում ցույց տաս: Շան վրա կարող ես բարկանալ, եւ նա լսի քեզ, իսկ առյուծի դեպքում նման բան չկա. պետք է փոխադարձ վստահություն լինի միմյանց նկատմամբ:

Երբ սկել եմ վարժեցնել առյուծին, նա շատ փոքր էր: Համացանցում տեսած կլինեք տեսանյութեր, թե ինչպես են մարդիկ մտնում վանդակները, առյուծներին փաթաթվում, գրկում նրանց, խաղում իրար հետ: Դրան հնարավոր է հասնել փոքր տարիքից վարժեցնելու դեպքում: Ես էլ սկսել եմ վարժեցնել առյուծին, երբ նա 5 ամսական էր:

Նրանից չեմ վախենում

– Վախ չկա՞:

– Նրանք զգում են վախը: Դու կարող ես ասել, որ չես վախենում, բայց ներքուստ անհանգստանաս, վախենաս, ու կենդանին դա կզգա: Եթե վախենում ես, ավելի լավ է ռիսկի չդիմես: Պետք է սիրել այն կենդանիներին, որոնց հետ աշխատում ես: Հակառակ դեպքում նրանք էլ քեզ չեն սիրի: Միայն գումար աշխատելու համար վարժեցնող լինել չես կարող:

– Զգուշանալ պե՞տք է:

– Միանշանակ, պետք է զգույշ աշխատել եւ զգոն լինել: Առյուծները ճանկեր ունեն ու կարող են վնասել: Բայց վախենալ… Նրանից չեմ վախենում, նա իմ աղջիկն է, կարծես իմ երեխան լինի: Գուցե տարօրինակ հնչի շատերի համար, բայց իսկապես, երեխայի պես եմ նրան վրաբերվում: Նրա հետ աշխատելու ժամանակ չեմ մտածում՝ վայ, կարող է ինքն ինձ վնասի: Մեր միջեւ ուրիշ կապ կա, մենք վստահում ենք միմյանց:

– Ի՞նչ է առյուծի անունը:

– Լեոնա: Գեղեցիկ անուն է, չէ՞: Անգլերենով առյուծը «lion» է. այդ բառից է ծագում:

– Ի՞նչ լեզվով ես իր հետ խոսում:

– Ներկայացումների ժամանակ ռուսերեն ենք խոսում: Հրահանգներ կան, որոնք ռուսերեն եմ տալիս` նստել, կանգնել, պատրաստվել: Ռուսերենն իր աշխատանքային լեզուն է:): Բայց հայերեն էլ հասկանում է, արձագանքում է խոսքիդ, տարբերում է` լավ բան ես ասել, թե վատ: Առյուծն ամեն ինչ զգում է, նույնիսկ առանց բառերի, առանց հրահանգների հնչող երաժշտությունից հասկանում է, որ եկել է այս կամ այն վարժությունը կատարելու պահը:

Նրանից չեմ վախենում

– Լինո՞ւմ է, որ հրահանգները չկատարի:

– Երբ տրամադրություն չունի, երբ չի ուզում, չես կարող պարտադրել: Կամակոր է, ինչպես կատվազգիների բոլոր ներկայացուցիչները: Եթե տրամադրված չէ, ինչքան էլ համոզես, չի կատարի: Այդ ժամանակ բարկանալ չես կարող, կփչացնես հարաբերություններդ, մնում է համոզել: Եղանակն էլ կարող է ազդել իր տրամադրության վրա: Հուսամ՝ մարդիկ հասկանում են, որ կենդանի է եւ ունի իր զգացմունքները:

– Կենդանին չի՞ տանջվում վարժեցնելիս:

– Օհ՜, գիտեք, որ առյուծները բնության գրկում ավելի կարճ են ապրում, քան՝ կրկեսներում: Մենք նրանց լավ կերակրում ենք՝ վիտամիններ, միս… Այստեղ նրանք ավելի պաշտպանված են: Բայց մարդիկ ասում են, թե իբր ծեծում ենք կենդանիներին, էլեկտրաշոկ ենք օգտագործում:

Դա բացառված է: Արտերկրում շատ եմ աշխատել, բայց նման մեկնաբանությունների չեմ հանդիպել, իսկ Հայաստանում անհիմն մեղադրում են, թե վատ ենք պահում, ծեծում ենք: Չկա նման բան: Հատկապես վայրի կենդանուն չես կարող ծեծել ու հետո ստիպել որ վարժություններ անի: Նա քեզ սովորեցնում է, թե ինչպես վարժեցնես իրեն, ինչ մոտեցում ցույց տաս:

– Ներկայացման ժամանակ ամեն վարժությունը կատարելուց հետո առյուծին մի՞ս եք տալիս:

– Այո, պարգեւատրում ենք նրան: Ես փոքրիկ պայուսակի մեջ եմ լցնում մսի կտորները, եւ ներկայացումը վերածում ենք խաղի՝ ինքը կատարում է վարժությունը, ես տալիս եմ միսը: Իսկ ծեծելով արդյունքի չենք հասնի. մի օր կպատժի դրա համար:

– Ի՞նչ է ուտում առյուծը:

– Միս: Հավի, տավարի միս: Մաշկի համար ձու, ձեթ, կարագ է օգտագործում, որ փայլի, խնամված տեսք ունենա:

– Օրական քանի՞ կիլոգրամ միս է ուտում:

– 5-ից 6 կիլոգրամ: Ուրիշ առյուծների համեմատ` Լիոնան թմբլիկ է, տեսքից երեւում է, որ լավ ենք պահում:

– Ներկայացման ժամանակ լույսերը կամ մարդկանց աղմուկը նրան չե՞ն խանգարում, չե՞ն զայրացնում:

– Նա կարող է շեղվել, եթե կողքից լուսանկարեն կամ հեռախոսի զանգ հնչի: Դա պարզապես երկարացնում է վարժություն կատարելու ընթացքը. ուշադրությունը շեղվում է:

– Կրկեսում մարդիկ ապահո՞վ են, առյուծը չի՞ մտնի մարդկանց շարքերը:

– Ոչ, մեր կրկեսում չի անցնի: Վանդակն ամուր է, առյուծը չի կարող հրել այն: Հանդիսատեսի եւ վանդակի միջեւ պետք է լինի մեծ հեռավորություն, որը մենք պահում ենք: Մեր աշխատակիցները պատշաճ հետեւում են ողջ ընթացքին, որ երեխաները ձեռքները չմեկնեն դեպի վանդակը:

– Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ուզում են զբաղվել կենդանիների վարժեցմամբ:

– Խորհուրդ չեմ տա զբաղվել այս գործով, հատկապես, եթե կրկեսային արվեստում չեն ծնվել-մեծացել:

Նյութի աղբյուր՝ Bravo.am

Կիսվել