ԱԺ-ն առանց «Դաշնակցության» պատկերացնելն անհնար է, դա ժողովրդի կողմից ինքն իր ողնաշարը կոտրել կլինի. Արծվիկ Մինասյան
Մենք, առնվազն իմ գնահատմամբ, հավակնում ենք բավական լավ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցության» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի շանսերին:
«Պատմության ընթացքում էլ սխալ կլինի, քանի որ 128-ամյա քաղաքական ուժը, երբ շատ երկրներում ազդեցիկ դերակատարություն ունի, ներկայացված չլինի խորհրդարանում: Դա, կարծեք թե, ժողովրդի կողմից ինքն իր ողնաշարը կոտրելու գործողություն կլինի»,-ասաց նա:
Ըստ նրա` ՀՅԴ-ն ներկա պայմաններում շատ ավելի մեծ վստահություն կունենա, քանի որ արտաքին և ներքին մարտահրավերները շատ են: «Այս ամենով հանդերձ, շատ կարևոր է Դաշնակցության պատկառելի ներկայությունը, որ կարողանանք պետության դիմադրողականությունը բարձրացնենք, մյուս կողմից՝ իշխանությանը հնարավորություն տանք, որ այդ դիմադրողականությունը օգտագործեն մարտահրավերների չեզոքացման համար»,-ասաց նա: