Մամուլ

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն աջակցելու նպատակով Մոսկվայում կազմակերպված գալա-համերգին հավաքվել է 2.250.000 ռուբլի

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մոսկովյան այցի առաջին օրն ավարտվել է աշխատանքային ընթրիքով։ Ինչպես հայտնում են վարչապետի ԺՊ տիկնոջ գրասենյակի լրատվական ծառայությունից, հրավիրված էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացման նպատակով կազմակերպված գալա-համերգի նախաձեռնողներն ու մասնակիցները։

Աննա Հակոբյանը հյուրերին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել գալա-համերգի գաղափարի ու կազմակերպման, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամին վստահելու և աջակցելու համար։ Տիկին Հակոբյանն ընդգծել է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայկական այլ համայնքներում անհրաժեշտ է արմատախիլ անել նախկինից ժառանգած սովորույթները, երբ պատնեշները մրցակից շերտերի են բաժանել համայնքը։

Նա խիստ կարևորել է հայկական համայնքների համախմբվածությունը Հայաստանի հաջողության հարցում։

«Մենք պետք է վերացնենք գոյություն ունեցող բոլոր պատնեշները. մենք բաց ենք՝ համագործակցելու բոլորի հետ առանց բացառության»,- ասել է Աննա Հակոբյանը։

Նոյեմբերի 11-ին կազմակերպված գալա-համերգի մասնակիցներն ընդգծել են, որ «Իմ քայլը» հիմնադրամի մոսկովյան շնորհանդեսն այդ իմաստով նախկին կարծրատիպերը կոտրող միջոցառում էր, որին մասնակցում էին ոչ միայն հայտնի անհատներ, այլև Հայաստանը սիրող, կարոտող և Հայաստանի համար մտահոգ սովորական քաղաքացիներ, որոնք իրենց «փոքրիկ լուման են ներդրել հիմնադրամի գործունեության համար»:

Նրանք շեշտել են, որ միջոցառման գլխավոր խթանը ոչ թե գումար հանգանակելն էր, այլ Հայաստանի ապագայի նկատմամբ սրտացավությունը։ Նոյեմբերի 11-ին Մոսկվայի հայ համայնքի անդամների նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն աջակցելու նպատակով կազմակերպված գալա-համերգի ընթացքում հավաքվել է 2.250.000 ռուսական ռուբլի։ Ամբողջ գումարը, ինչպես և նախատեսված էր ի սկզբանե, կազմակերպիչները նվիրաբերել են «Իմ քայլը» հիմնադրամին։

Կիսվել