Մամուլ

ՀՀ վարչապետը և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը ճեպազրույց են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ

«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ստորև ներկայացվում է ճեպազրույցի սղագրությունը.

Շանթ հեռուստաընկերություն – Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի հսկայածավալ ներդրումներ Հայաստան բերելու մասին: Կարո՞ղ ենք փաստել, որ այս ակումբի ստեղծումն այդ ծրագրի մի մասն է:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ես ուզում եմ կրկին դրան անդրադառնալ: Մենք ասել ենք՝ կառավարությունն էլ է շարժվելու, ասել ենք ախտորոշում, տեսլական, ինչպես ենք պատկերացնում երկիրը փոխել և այլն: Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի ծրագիր՝ իրենց աղբյուրներով, կատարողով, նախագծով, մուլտիպլիկատիվ էֆեկտով և այլն: Այդ 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալում ենք, որ ակումբի մուտքով 3.2 մլրդ ԱՄՆ դոլարից բացի կլինեն այլ ներդրումներ ևս»:

Հ2 հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Երբ պարոն վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում էր, ռուսաստանաբնակ հայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին և հայտարարություն տարածեցին՝ աջակցելու բոլոր ներդրումային ծրագրերին: Սա արդյոք մեկնա՞րկն է, և Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել: Ի՞նչ առարկայական, գործնական քայլեր ենք տեսնելու:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Սա զարմանք չէ՞:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Ինձ թվում է՝ արդեն զարմացնում ենք: Մենք և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում:

Կենտրոն հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կգնահատեք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բարեփոխումները, դրանց ընթացքը: Ինչպիսի՞ն է այն Ձեր գնահատմամբ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու, դուք շատ կզարմանաք: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու:

Հանրային հեռուստաընկերություն – Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ ակումբը նոր մշակույթ է բերելու Հայաստան: Իսկ Հայաստանը կամ Դուք ի՞նչ եք ակնկալում այս ակումբի գործունեությունից:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Ակնկալում եմ բիզնես միջավայրի փոփոխություն, նոր մշակույթի ձևավորում, բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի և ֆինանսական շուկաներում ակտիվացում: Ակումբի անդամներն աշխարհով մեկ ունեն գործընկերներ, և ակնկալում եմ,որ իրենց մասնակցությունը կբերի նրան, որ այս ակումբը կդառնա կամուրջ բավական մեծ ֆինանսական շուկայի և բիզնես կառույցների միջև: Իրականում ես ակնկալում եմ, որ այն որակական փոփոխություն կմտցնի մեր բիզնես միջավայրում, բիզնես մթնոլորտում:

Ավելին, ոչ թե ակնկալում եմ, այլ համոզված եմ, որովհետև սա առաջին օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր ակումբ է, որն ունի բիզնես նպատակներ, և հենց դա պետք է անենք: Այսօր մեր բոլոր գործընկերների հետ՝ թե´ Ռուսաստանի Դաշնությունում, թե´ այլ երկրներում բանակցում ենք, հենց այս դաշտ ենք ուզում տեղափոխել: Մենք դեմ չենք դրամաշնորհներին, բայց ուզում ենք միջավայր ստեղծել, որտեղ փող աշխատելը, շահույթ հետապնդելը, եկամուտ ստանալը Հայաստանում դառնա տրամաբանական, որովհետև դա փոխելու է տեխնոլոգիա, մտածելակերպ, ամեն ինչ:

Արմենիա հեռուստաընկերություն – Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Արդեն կա՞ որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ, և կա՞ն արդեն հստակ ծրագրեր, աշխատատեղերի մասով ի՞նչ հարց է լուծվում այս ներդրումներով: Ունե՞ք գնահատականներ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան – Մենք ունենք գնահատականներ, ընտրել ենք ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացված են: Մեր կողմից այդ ծրագրերը հիմնականում ընդունված են և առաջինը, այդ ուղղություններով փորձելու ենք մոտակա ժամանակներս անել մեր ներդրումները:

Բոլոր ծրագրերը շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանք հիմնականում էներգետիկայի ոլորտում են: Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման: Ծավալները կան և քիչ չեն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Հարգելի ընկերներ, քանի որ էմոցիաներս շատ են, նորից ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Չեք պատկերացնում՝ ինչքան շահագրգռված եմ, ավելին, նույնիսկ համոզված եմ, որ դուք երբևէ չեք փոշմանի, որ այսպիսի քայլ եք արել: Մենք դրանով կփոխենք մթնոլորտը Հայաստանում:

Կիսվել