Մամուլ

Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

«Հանրապետական» կուսակցությունը պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը։

«Չեմ կարող ասել՝ ինչպես եմ գնահատում շանսերը, բայց գիտեմ, որ «Հանրապետականն» ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում»,-նկատեց նա։

Անդրադառնալով հարցին՝ ինքը կամ իր որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում են մասնակցել ընտրություններին՝ ԱԺ նախագահն արձագանքեց, որ ո՛չ ինքն է մասնակցելու, ո՛չ էլ իր որդին։

«Ես չեմ մասնակցի ԱԺ ընտրություններին, որպեսզի ավելի երիտասարդները մասնակցեն: Վերադառնում եմ առողջապահության ոլորտ: Ես 71 տարեկան եմ, բավական է, որքան գործուենություն եմ ծավալել, կարծում եմ, որ հիմա ավելի երիտասարդ, բայց միևնույն ժամանակ փորձառու մասնագետները կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին, և կարծում եմ, որ նրանք առկա են»,-ասաց Արա Բաբլոյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն վերափոխվի, Արա Բբալոյանն արձագանքեց՝ ինչո՞ւ չէ. «Դուք վերցրեք անհատներին, օրինակ՝ նշում եք Վիգեն Սարգսյանի անունը, մենք ի՞նչ թերություն ենք տեսնում այդ մարդու կողմից, տեսնում ենք, որ այդ մարդը կրթված է, բանիմաց, և եթե ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների կուսակցության ներսում, ապա ինչո՞ւ չէ:

Ես անդամագրվեցի ՀՀԿ-ին 2012-ին և մտա կուսակցության միայն նրա համար, որովհետև կուսակցությունը պետք է գնար մոնոպոլիայի դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով: Ես 1991-ից կառավարության անդամ եմ եղել, բայց ոչ կուսակցական, ես մտա ԱԺ ոչ թե դրա համար, որ որևէ պաշտոն ունենամ, կարծում եմ՝ դրանում դուք համոզվեցիք, այլ նրա համար, որ կարողանամ մասնակցել, ավելի ճիշտ ձևով ծրագրերն առաջ տանել»:

Կիսվել