Շոու-բիզնես

«Ժամեր շարունակ նռան հատիկների մեջ պառկելը հեշտ չէր, բայց հաճույք եմ ստացել աշխատանքից». Ռոզա Ֆիլբերգի նոր տեսահոլովակի բեքսթեյջը

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը վաղը կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Նռան հատիկ» հեռուստասերիալի սաունդթրեքի հիման վրա։ Համանուն երգի երաժշտության հեղինակը Արման Պարսամյանն է, խոսքերը գրել է Դիանա Գրիգորյանը, տեսահոլովակի ռեժիսորը «Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Պրեմիերային ընդառաջ Ռոզան Tert.am Life–ին մանրամասներ է պատմել երգի մասին։

Նա նկատեց, որ երգի երաժշտությունը հնչում է հեռուստասերիալում և հասցրել է սիրվել լսարանի կողմից։ «Արմանը շատ տաղանդավոր կոմպոզիտոր է։ Մեր հեռուստասերիալի համար նրա գրած երաժշտությունը շատ գեղեցիկ է և սիրվեց։ Մեզ հաճախ էին հարցնում` որտե՞ղ կարող են լսել երաժշտության ամբողջական տարբերակը։ Դիանան մտահղացավ այն ամբողջական երգի տեսքով ներկայացնել լսարանին և շատ գեղեցիկ խոսքեր գրեց։ Շատ շնորհակալ եմ իրեն և ամբողջ թիմին` տարված մեծ աշխատանքի համար»,– պատմեց Ռոզան

Roza Filberg1

Երգչուհու խոսքով` երգը շատ զգացմունքային է ստացվել։ Հեռուստասերիալից առանձին երգը կունենա՞ իր ճանապարհը, թե՞ ոչ, Ռոզան դժվարացավ պատասխանել` նկատելով, որ գնահատողը լսարանն է։

«Երբ երգը ծնվում է, մենք չենք մտածում` այն ինչպես կընդունվի, ուղղակի սրտանց ստեղծագործում ենք, իսկ գնահատողը հանդիսատեսն է։ Երգը ներկայացնում է «Նռան հատիկ»–ում իմ հերոսուհու` Սոֆյայի պատմությունը։ Սա երաժշտական նախագիծ է, որն ուղիղ կապված է սերիալի հետ։ Երբ ես կատարում էի երգը, հիշում էի իմ հերոսուհուն, իր զգացմունքները։ Իհարկե, երգը կատարում է Ռոզա Ֆիլբերգը, բայց ես չէի կարող դա անել առանց Սոֆյային իմ միջով անցկացնելու։ Սա ուղղակի երգ չէ սիրո մասին, սա սիրո մասին բալլադ է, որն ունի իր կոնկրետ պատմությունը»,– ընդգծեց նա։

Ռոզան և եղբայրը` Մհեր Արմենիան աշխատանքի մեջ էլ միշտ օգնում են իրար։ Այս պարագայում նրանք ոչ միայն որպես հարազատներ են աջակցել միմյանց, այլև Մհերը հանդիսացել է նախագծի երաժշտական պրոդյուսերը։

«Սա ուղղակի խորհուրդ չէր, համատեղ աշխատանք էր։ Մհերը սկզբից մինչև վերջ մասնակցել է աշխատանքին։ Մենք երկար աշխատել ենք երգի ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ ձայնագրվել եմ, սակայն հասկացել ենք, որ ինչ–որ դետալ այն չէ, իմ հոգեբանական վիճակը չի համապատասխանում երգին, նորից եմ ձայնագրվել»,– ասաց Ռոզան։ Երգչուհին չի հերքում, աշխատանքի ընթացքում լինում են և՛ տարաձայնություններ, և՛ բանավեճեր, սակայն շեշտում է` դա նորմալ գործընթաց է արդյունքի հասնելու ճանապարհին։

Roza Filberg

Տեսահոլովակի ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանի հետ Ռոզան առաջին անգամ էր աշխատում։ «Շատ ուրախ եմ, քանի որ աշխատել եմ պրոֆեսիոնալ թիմի հետ և մեծագույն հաճույք եմ ստացել նկարահանումներից` չնայած պրոցեսը հեշտ չէր։ Այդքան էլ հեշտ չէ ժամեր շարունակ նստել նռան հատիկների մեջ, սակայն դա Ռուբեն Մխիթարյանի կրեատիվ գաղափարն էր, որը, կարծում եմ, շատ հետաքրքիր ու գեղեցիկ է ստացվել»,– նկատեց Ռոզան։

Ի դեպ, դերասանուհին նախընտրեց գաղտնի պահել` նռան հատիկների մեջ մե՞րկ էր պառկած, թե՞ ոչ` դա թողնելով հեռուստադիտողների երևակայությանը։ Ռոզայի երգչուհու կարիերան այս փուլում ավելի պասիվ է նոր երգեր թողարկելու տեսանկյունից, սակայն նա շեշտում է, որ միշտ ստեղծագործական փուլում է։ Վստահեցնում է` սերիալում նկարահանվելու պատճառով աշխատանքային զբաղվածությունը որքան էլ մեծ է, երաժշտական գործունեությունն աչքաթող չի անում։

«Հաճախ նոր երգեր չներկայացնելու պատճառը միայն նկարահանումները չեն։ Երբ արտիստը նոր երգ է փնտրում, հաշվի է առնում նաև տվյալ փուլում իր զգացողությունները։ Շատ կարևոր է, որպեսզի երգչի հոգեբանական վիճակը համապատասխանի նրան, ինչ նա երգում է։ Եթե երգն ինձ դուր չի գալիս, ես չեմ աշխատում դրա ուղղությամբ։ Երաժշտական դադար երբեք չեմ ունեցել, ես շարունակում եմ ձայնագրվել, պարզապես կան երգեր, որոնք սպասում են իրենց ժամանակին»,– եզրափակեց նա։

Կիսվել