Մամուլ

Մանվել Գրիգորյանը 5.84 մլրդ դրամ արժողությամբ գույք է նվիրաբերել պետությանը

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, որն այս պահին կալանավորված է, դիմել է Կառավարությանը՝ ՀՀ-ին նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։

Լուրը հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքով՝ գործարքը վերջանական ավարտին դեռևս չի հասել։

«Մենք ստացել ենք մտադրության մասին գրությունը, դեռևս հանձնում–ընդունում պետք է արվի, գրանցում ստանա որպես ՀՀ գույք»,- շարունակեց Նարեկ Բաբայանը։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ Գրիգորյանի կողմից նվիրաբերվող տարածքը գնահատվում է 5 մլրդ դրամից ավելի։

«Ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ, արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ» (շուրջ 12 մլն դոլար–Tert.am),- նշեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել