Մամուլ

Շենգավիթ ԲԿ–ում նորածին է մահացել. hարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկուհուն

«Շենգավիթ» ԲԿ–ում հոկտեմբերի 20-ին նորածին է մահացել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Մահացած նորածնի հորեղբայրը պնդում է, որ երեխայի մահվան մեղավորը ծնունդն ընդունող բժշկուհին է՝ Արաքս Հակոբյանը։

«Առավոտյան ժամը 9-ին ասում են՝ երեխան ծնվել է, մեկ ժամ հետո ասում են՝ երեխայի վիճակը ծանր է, ժամը 14։00–ին ասում են՝ երեխայի մահվան վկայականի համար էսինչ թղթերն են պետք։ Մենք մեղադրում ենք բժշկին, որ ժամանակին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել, կեսարյան հատում չի արել, հետո երեխային վնասելով է հանել։ Մորն էլ վիրավորել է, ասել է՝ կեսարյան արեք, բժիշկն ասել է՝ վեր ընկիր տեղդ։ Բժիշկը երեխուն սպանել է, մեզ ասել է՝ երեխան դեռ շնչում է»,–պատմեց նորածնի հորեղբայրը՝ Անդրանիկ Գեւորգյանը։

Նա նշեց, որ ի սկզբանե ծննդկանին կեսարյան հատում ցուցված չի եղել, երբ ծննդկանը վատ է իրեն զգացել, խնդրել է իրեն կեսարյան հատում անել, սակայն բժիշկուհին անտեսել է։

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով՝ (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով)։

Դատաբժշկական նախնական փորձաքննությամբ նորածինը մահացել է գանգուղեղային վնասվածքից։

Աղբյուր՝ news.am

Կիսվել