Հունան Պողոսյանը պետք է դադարեցնի պաշտոնավարումը. Շանթ Հարությունյանի փաստաբան
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է նյութերը, որոնք առնչվում են տարիներ առաջ ոստիկանական բաժնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն կիրառելուն։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 18–ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի եւ Շանթ Հարությունյանի հետ կատարված միջադեպին, հայտարարել էր, որ այդ հարցով խոսել է իրավապահների հետ։
«Կարծում եմ լավ առիթ է՝ նոր քննություն իրականացնելու եւ Շանթ Հարությունյանի հետ ոստիկանական բաժնում տեղի ունեցածի իրականությունը պարզելու ուղղությամբ։ Հույս ունենք՝ Շանթ Հարությունյանն էլ կհամագործակցի քննության հետ, որպեսզի մենք իրականությունը պարզենք»,–ասել էր վարչապետի պաշտոնակատարը։
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ տարիներ առաջ այդ ուղղությամբ քննություն չի իրականացվել հայտնի պատճառներով։
«Կարծում եմ՝ հիմա կարող են քննություն իրականացնել և մեղավորներին պատժել»,–ասաց նա։
Փաստաբանի կարծիքով, մինչև քննության ավարտը Սյունիքի մարզպետ նշանակված Հունան Պողոսյանը պետք է դադարի պաշտոնավարել.
«Կարծում եմ կարելի է կասեցնել, ինչու ոչ հետ կանչել նրան, կարծում եմ որևէ խոչընդոտ չկա նրա պաշտոնավարումը կասեցնելու»,–ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 6–ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել էր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Շանթ Հարությունյանին, ով տեղեկացրել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր նկատմամբ կիրառած բռնության մասին։
Ըստ Շանթ Հարությունյանի՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։
«Պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակներ է հասցրել իրենց՝ ուղղորդված հայհոյանքներով։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը։ Այդ նույն տեսարանը, ըստ էության, ներկայացրին եւ Շանթ Հարությունյանը, եւ Վարդան Վարդանյանը»,- ասել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ. նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով` Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
2015թ. սեպտեմբերին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ներպետական ատյաններում արդարադատության հասնելու հնարավորությունները սպառելով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Աղբյուր՝ news.am