«Որոշումը քոնն է». Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ եւ հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։
Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ փուլը, նա գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բացատրել իր հայտարարության մոտիվները։ ՀՀԿ ղեկավարը լսելով՝ ասել է միայն․ «Որոշումը քոնն է»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովը՝ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ, կշարունակի աշխատանքը։ «Որովհետեւ դա նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին է պետք, պարզել՝ ով է կատարել ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի հայտնի գաղտնալսումը։ Հատկապես հիմա, երբ Կոստանյանն անցել է «սպիտակների» դաշտ»,- վստահեցրեց մեր աղբյուրը։
Նշենք, որ, օրենքի համաձայն, հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։ Այսինքն՝ եթե Կոստանյանը չներկայանա նիստերին, հանձնաժողովը կշարունակի աշխատանքը։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: