ՄամուլՇոու-բիզնես

5 տարվա դադարից հետո Վարդան Պետրոսյանն առաջին անգամ Երևանում բեմ կբարձրանա` ի հիշատակ Ազնավուրի

«Քեզ համար, Ազնավուր» համերգաշարը 2017–ին Երևանում մեկնարկեցհենց Ազնավուրի ներկայությամբ։ Հայ երգիչները մեծ հուզմունքով էին այդ օրը բեմ բարձրացել, չէ՞ որ Ազնավուրը դահլիճում էր, լսում ու գնահատում էր իրենց։ Նույն հուզմունքով այս տարի էին պատրաստվում համերգին, որը մայիսից տեղափոխել էին հոկտեմբեր, որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստան ժամանող մաեստրոն կրկին ներկա լիներ միջոցառմանը, սակայն համերգը վերածվեց հիշատակի երեկոյի։ Համերգի խորագիրն ընտրվել է երգչի «Քեզ համար, Հայաստան» երգի համատեքստում։

Հոկտեմբերի 29–ին և 30–ին Երևանում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» համերգը, որի նախաձեռնոցներից է Վարդան Պետրոսյանի որդին` Հայկ Պետրոսյանը։ Ազնավուրին նվիրված համերգների շարքը տարիներ առաջ նա սկսեց ակումբներից, հետո Տիկնիկային բեմում ներկայացավ անհատական համերգով, իսկ ավելի ուշ իր շուրջ համախմբեց գործնընկերներին և բոլորով սկսեցին աշխատել մի գաղափարի համար։ Կազմակերպչական հարցում նրան մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Մշակույթի նախարարությունը։

Սպասվող ժամանակ ելույթ կունենան Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Գոռ Սուջյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկը և այլք։ Կլինեն նաև հյուրեր արտերկրից, սակայն կազմակերպիչները նրանց անունները կհստակեցնեն ավելի ուշ։ Համերգի հատուկ հյուրը Վարդան Պետրոսյան է։ Վերջինս 5 տարի Երևանում բեմ չի բարձրացել։ Տեղի հանդիսատեսին ներկայանալ պատրաստվում էր հաջորդ տարի, սակայն Ազնավուրի հիշատակի համերգը բաց թողնել չէր կարող։

«Հորս մասնակցությունն ինձ համար առանձնահատուկ կարևոր է։ Խնդրեցի ներկա լինել այս համերգին, ասացի, որ դա շատ կարևոր կլինի և՛ իր, և՛ մեզ, և՛ հանդիսատեսի, և՛ երևի, Ազնավուրի համար, նա էլ համաձայնեց։  Վստահ եմ` իր հանդիսատեսը շատ–շատ էր սպասում իրեն»,– նկատեց Հայկը։

Մշակույթի նախարարությունը համերգին ցուցաբերել է և՛ ֆինանսական, և՛ կազմակերպչական աջակցություն։ «Հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի միջոցառումն անցնի հավուր պատշաճի»,– ասաց նախարար Լիլիթ Մակունցը և կարևորեց միջոցառման կազմակերպումը։

Ազնավուրին նվիրված համերգը կլինի երաժշտական նոր ձևավորմամբ։ Նախորդ անգամ այն կայացել էր Էդուարդ Թոփչյանի գլխավորած Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, այս անգամ նվագախումբ է հավաքվել հատուկ համերգի համար։ Համերգի գեղարվեստական ղեկավարը դաշնակահար Կարեն Անանյանն է։ Նա հայտնեց, որ նոր նվագախմբում ընդգրկված են մոտ 20 երաժիշտ` Հայաստանի տարբեր նվագախմբերից։

«Տարբեր կազմերով անդրադարձել ենք  Ազնավուրի երգերին, հիմա շատ ավելի ենք կարևորում համերգը։ Մի փոքր այլ ձևաչափով, բայց շատ հետաքրքիր համերգ է լինելու։ Նույն երգերն մի փոքր այլ երանգ են ստանալու»,–ասաց նա։

Հայկն էլ նկատեց, որ հանդիսատեսն առիթ չի ունենա մտածելու, թե ինչ են արել սիրված երգերի հետ։ «Ազնավուրի երգերը յուրահատուկ մոտեցում են պահանջում։ Պետք է պարապել, որպեսզի հանդիսատեսի ականջին օտար չլինի։ Հանդիսատեսը հաստատ չի մտածի` մեր սիրած երգն էս ինչ են դարձրել։ Յուրաքանչյուր երգիչ կներկայանա իրեն համապատասխան երգով,– ասաց նա ու հավելեց, որ սիրված երգերն իրենց տեղն են գտել երգացանկում,– Ազնավուրը մոտ 1300 երգ ունի, սակայն  կան երգեր, որոնք պարտադիր  պետք է հնչեն։ Երբ Ազնավուրը սկսեց տալ իր 85–ամյակի համերգները, առաջին 5-6 համերգի ընթացքում չէր կատարում  Je m’voyais déjà երգը։ Հանդիսատեսի պահանջով ավելացրեց այն։ Առանց այդ սիրված երգերի չէինք կարող ծրագիր կազմել»։

Հայկը կարևորեց նաև, որ համերգի ժամանակ կհնչեն Ազնավուրի երգերը հայերենով. «Ազնավուրի յուրահատկություններից մեկն այն է, որ նրա երկրպագուների ճնշող մեծամասնությունը չի հասկանում խոսքերը, բայց խենթանում է իր երգերի համար, օրինակ, մայրս։ Մենք մի քանի երգ կներկայացնենք նաև հայերեն։ Իր երգերի շատ թարգմանություններ կան, սակայն մի քանիսը նաև երգեցիկ են։ Այնպես, որ հանդիսատեսին սպասվում է Ազնավուրը հայերեն։ Վստահ եմ, չենք հիասթափեցնի»։

Համերգի ժամանակ ոչ միայն կկատարեն Ազնավուրի երգերը, այլև կներկայացնեն հետաքրքիր դրվագներ նրա կյանքից։ «Ինձ համար շատ կարևոր է ներկայացնել Ազնավուրին որպես մարդ, որովհետև նա օրինակ էր՝ այս կյանքում պայքարելու, ապրելու, նպատակներիդ ու երազանքներիդ հասնելու։ Չնայած այն շատ տխրությանը, որ կա իմ ու բոլորիս մեջ, այդ օրը մենք պետք է իրեն հիշենք երախտագիտությամբ և ժպիտով։ Վստահ եմ, հանդիսատեսին շատ հուզական, բայց և ուրախ համերգ է սպասվում, ինչպիսին Ազնավուրն էր»,– ընդգծեց երգիչ–դերասանը։

Կազմակերպիչներից Ալեքսանդր Մհերյանն էլ  նկատեց, որ մանրակրկիտ աշխատել են ամեն մանրուքի վրա։ Նա նաև ասաց, որ հասանելի գնային քաղաքականություն են մշակում, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա լինել միջոցառմանը։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել