Երևանի քաղաքապետարանում «մեծ ուբոռկա» է ընթանում. վարչական շրջանների ղեկավարները հեռանում են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանում «մեծ ուբոռկա» է ընթանում՝ բոլոր վարչություններում ու բաժիններում ինվենտարիզացիա են անում։ Փորձում են հաշվել՝ նախապես եղած գույքը տեղո՞ւմ է, թե՞ ոչ, ինչի կարիք կա եւ այլն։
Աշխատակազմը դիրքավորվում է․ մի մասը պատրաստվում է հեռանալ, մյուսները ելքեր են փնտրում մնալու։ Իսկ հները մինչեւ վերջին օրը հրամաններ ու որոշումներ են կայացրել, ընտրությունների հաջորդ օրն անգամ «պրեմիաներ» են բաժանել, թղթեր կարգավորել։ Հեռանալու պրոցեսի մեջ են նաեւ վարչական շրջանների ղեկավարները։ Երեկ հրաժարականի դիմում էր պատրաստում Արաբկիրի թաղապետ, ՀՅԴ քվոտայով նշանակված Հովհաննես Վարդանյանը։
Իսկ նոր քաղաքապետն արդեն իսկ պաշտոնների բաշխման փուլ է մտել՝ տարբեր անձինք իրենց այս կամ այն պաշտոնին են պատկերացնում։ «Քաղպայմանագրի» ավագանու ցուցակի 70 եւ բարձր համարներում հանգրվանած անձինք վստահ են, որ ընդամենը օրեր անց իրենք ավագանու մանդատ են ստանալու, քանի որ ցուցակի առաջին հատվածից բավականին մարդ համայնքային պաշտոններ է զբաղեցնելու եւ հրաժարվելու է մանդատներից»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: