Բնակարան ձեռք բերողները շատ դեպքերում կարող են 30 տարով անտոկոս վարկ ստանալ. Փաշինյան
Բնակարան ձեռք բերողները շատ դեպքերում կարող են 30 տարով անտոկոս վարկ ստանալ. Փաշինյան։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․
«Եթե նախկինում երիտասարդ էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների գումարը, այսինքն առավելագույն տարիքը 65-ն էր, հիմա այն դարձել է 70:
Երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն ոչ նորակառույց շենքից բնակարան ձեռք բերել հետեւյալ պայմաններով. Երեւանում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը կլինի առավելագույնը 7,5 տոկոս, մարզերում՝ 5,5 տոկոս:
Այստեղ մենք էական փոփոխություն ենք ունեցել: Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետեւ որոշակի բանկային մրցակցության պայմաններում այդ տոկոսներն ավելի ցածր կարող են լինել: Ես խոսել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ եւ նա ասաց, որ արդեն կան բանկեր, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան։
Նորակառույց բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է, իսկ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում ժամկետը կլինի 20 տարի: Սա աննախադեպ ժամկետ է, նախկինում նման ժամկետով վարկեր չեն տրվել:
Այս ծրագրով բնակարան ձեռք բերող քաղաքացիները նաեւ հետ են ստանում իրենց եկամտահարկը: Այսինքն նրանց համար շատ դեպքերում կգործեն անտոկոս վարկեր, այսինքն 30 տարով անտոկոս վարկ: Ես կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է:
Ես հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք միջինից բարձր վճարվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»։