Ովքեր են դիվանագիտական անձնագրից զրկված 254 հոգին (ցանկ)
Նոր իշխանությունների 4-ամսյա քայլերի մեջ ամենաուշագրավներից մեկը նախկին պաշտոնյաներին դիվանագիտական անձնագրերից զրկելու որոշումն էր։ Նոր օրենսդրությամբ՝ կա կոնկրետ պաշտոնյաների ցանկ, որոնք ի պաշտոնե դիվանագիտական անձնագրի իրավունք ունեն, սակայն վարչապետի որոշմամբ՝ պետության շահերի ու ազգային խնդիրների լուծման տեսանկյունից ցանկացած գործիչ կարող է ստանալ դիվանագիտական անձնագիր, որը հեշտացնում է մարդու ելումուտը, սահմանի հատման հարցերում ազատում խոչընդոտներից եւ այլն։
Մի քանի օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանություններ, հյուպատոսություններ, նամակ է հղել՝ կից ցանկով։ «Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ դեսպանընկալ երկրում տեղակայված եւ համատեղության կարգով ՀՀ-ում հավատարմագրված պետությունների դեսպանություններին տեղեկացնել, որ կից ներկայացվող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր», գրված է նամակում։ Իսկ կից ցանկում 254 անուն է նշված, որտեղ շատ ուշագրավ անուններ կան, ինչպես, օրինակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, արձակագիր Զորի Բալայանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի, բոլոր նախկին պատգամավորների, նախարարների ու մարզպետների։
Հետաքրքիր է, որ դիվանագիտական անձնագրից զրկվել են բոլոր նախկին վարչապետները, որոնք ավանդույթի ուժով մշտապես ունեցել են դիվանագիտական անձնագրեր, քանի որ արտերկրում շատ են լինում եւ առհասարակ՝ աշխարհում ընդունված է հարգել վարչապետների ինստիտուտը։ ՀՀ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկի ոչ միայն քրեական հետապնդման ենթարկվող Հովիկ Աբրահամյանին, այլեւ Հրանտ Բագրատյանին եւ Կարեն Կարապետյանին։ Տիգրան Սարգսյանը, Արամ Սարգսյանը եւ Խոսրով Հարությունյանը չեն զրկվել, քանի որ ի պաշտոնե իրավունք ունեն ունենալու։
Դիվանագիտական անձնագրերից զրկվել են նաեւ նախկին առաջին տիկինները, սակայն միայն Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը ցանկում չկա։ Զրկվել է նաեւ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։ Դիվանագիտական անձնագրից զրկվողների ցանկում են նաեւ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։ Այստեղ կան նաեւ ռեկտորների անուններ, օրինակ՝ բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանը, անգամ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, շախմատիստ Սմբատ Լպուտյանը։ Եւ վերջապես գործարարներ ու հասարակական գործունեությամբ զբաղվող շատ անձինք, օրինակ՝ Հայաստանում մեծածավալ ծրագրեր իրականացնող «Տաշիրգրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։
Ցանկին կարող եք ծանոթանալ՝ hraparak.am