«Խնդրում ենք Ձեզ վերադարձնել մեզ՝ սպաներիս պատկանող՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից բռնազավթված Սպայի տունը»
Զորացացրված սպաների համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ հայ ժողովրդին: Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Բաց նամակ ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ պետին, իրավապահ բոլոր մարմինների պետերին: Բաց նամակ բոլոր հայ մեծահարուստներին, հայրենասերներին, ազգի նվիրյալներին եւ մտավորականներին: Բաց նամակ հայ ժողովրդին: Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Մայրապետյանին եւ բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել «Սպայի տան» կոռուպցիոն թալանի հանցագործ սխեմայի հետ եւ այժմ էլ հանդիսանում են «Սպայի տան» տարածքում կառուցված շենքի սեփականատեր:
Խնդրում ենք Ձեզ վերադարձնել մեզ՝ սպաներիս պատկանող՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Մայրապետյանի եւ այլոց կողմից կոռուպցիոն մեխանիզմներով բռնազավթված, թալանված եւ սեփականաշնորհված «Սպայի տուն»-ը: «Սպայի տան» սեփականաշնորհումը Քոչարյանի պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կոռուպցիոն գործարքի եւ թալանի վերջին նախագահական բռնազավթումն էր:
«Սպայի տուն»-ը գործում էր 1917թ.-ից: Դեռևս Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից, որը փոխանցվեց Առաջին հանրապետությանը, Երկրորդ հանրապետությանը, Երրորդ հանրապետությանը, որի ժամանակ նույնպես գործում էր: «Սպայի տան»-ը մեծ դեր էր տալիս Վազգեն Սարգսյանը: Հազարավոր սպաների ընտանիքների երեխաներ կրթվել եւ դաստիարակվել են «Սպայի տան»-ը՝ հաճախելով տարբեր խմբակներ: Հազարավոր սպաներ եւ իրենց ընտանիքների անդամներ բազմապիսի մշակութային եւ ժամանցային միջոցառումների էին մասնակցում:
«Սպայի տան» թալանի մասին նույնիսկ ժամանակին ՌԴ-ում ահազանգեց Վլադիմիր Ժիրինովսկին: Ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ բոլոր երկրներում պահպանվել են «Սպայի տներ»-ը, իսկ Հայաստանում պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ կոռուպցիոն գործարքով բռնազավթվեց, թալանվեց եւ սեփականաշնորհվեց 2007թ.-ին:
Այդ կոռուպցիոն գործարքը տրորումն էր այն սրբությունների, որի վրայով անցան այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուս մասնակից թալանչիները, հանցագործ սխեմայի միջոցով սեփականաշնորհվեց հայրենիքի պաշտպանների տունը: Արամ Առաջին կաթողիկոսը դիմում է եվրոպական դատարան և թուրքերից պահանջում է հետ վերադարձնել հայերից բռնազավթված տարածքները: Այս թալանը ոչնչով չի տարբերվում թուրքերի թալանից:
Այն նաեւ գաղափարական թալան է: Թալան է հայրենիքի համար զոհված այն բոլոր սպաների ընտանիքներից, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր երկրի հաղթանակների համար: Դիմում եւ խնդրում ենք ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ պետին, բոլոր իրավապահ մարմիններին՝ բացահայտելու այս կոռուպցիոն թալանի գործարքը, որի ապացույցները առկա են: Ինչպես նաեւ կառավարության որոշմամբ խնդրում ենք Ձեզ «Սպայի տան» տեղը կառուցված շենքը՝ որպես բարոյական փոխհատուցում, ամբողջությամբ վերադարձնել սպաներին եւ նրանց ընտանիքներին «Սպայի տուն» անվանումով:
Այդ շենքը պետք է ամբողջությամբ ծառայի սպաների ընտանիքներին, իսկ նրանց վարձակալած տարածքների գումարները նույնպես պետք է ծառայեն սպաների առկա խնդիրների մի մասը լուծելու համար:
Դիմում եւ խնդրում ենք բոլոր հայ մեծահարուստներին, հայրենասերներին, ազգի նվիրյալներին եւ մտավորականներին բոլոր միջոցներով պայքարել «Սպայի տուն»-ը հանցագործ սխեմայով սեփականաշնորհած անձանց դեմ, որպեսզի այդ տարածքում կառուցված շենքը վերադարձվի հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսների ընտանիքներին եւ սպաներին:
Դուք՝ բոլորդ կվերականգնեք հերոսների անարգված պատիվը: Դիմում եւ խնդրում ենք հայ ժողովրդին՝ ազգովի պայքարել զոհված հերոսներից խլված տունը հերոսներին վերադարձնելու համար: Դիմում ևեւպահանջում ենք Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Մայրապետյանին եւ բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել «Սպայի տան» կոռուպցիոն թալանի հանցագործ սխեմայի հետ եւ այժմ էլ հանդիսանում են «Սպայի տան» տարածքում կառուցված շենքի սեփականատեր վերադարձնել սպաներին «Սպայի տան» տարածքում կառուցված շենքը՝ որպես բարոյական փոխհատուցում, ինչ-որ կերպ ձեր արարքը շտկելու համար:
Այլապես դուք ամբողջ ազգի կողմից կարժանանաք ազգադավ պիտակին, որպես սրբոց-սրբոցը տրորող, ուրացող մարդկանց, կնզովվեք բոլորի կողմից եւ բոլոր զոհված հերոսների արյան խայտառակ խարանը կդրոշմվի ձեր դավաճան ճակատներին: Դուք դեռ կարող եք որպես ձեր մեղքերի քավության արգասիք վերադարձնել սպաներին ձեր կողմից խլված, բռնազավթված նրանց տունը: Զորացացրված սպաների համակարգող խորհուրդ», – ասված է նամակում:
Աղբյուր՝ armtimes.com