«Ես իմ տան աղբն եմ բերել՝ երեխայի «պամպերսները». Ակցիայի մասնակիցը աղբը թողեց «Սանիթեք»-ի գրասենյակում
Տնօրենն այս պահին քաղաքում չէ. մենք հիմա զբաղված ենք մեր առօրյա գործերով, մեր գրաֆիկով աշխատում ենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Սանիթեք» ընկերության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության գործադիր տնօրենի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հաջորդ շաբաթ իրենք ունենալու են մեծ մամուլի ասուլիս, այնտեղ բոլոր հարցերին կպատասխանեն:
Հարցին, թե ինչով է պայմանավորված այս վիճակը, սպասում են քաղաքապտ ընտրվի, նո՞ր աշխատեն, պատասխանեց. «Նախկինում էլ տնօրենը բացատրել է իրավիճակը: Եթե եկել եք այստեղ ակցիա իրականացնելու, իրականացրեք, թույլ տվեք մենք էլ մեր գործով զբաղվենք: Իրավիճակը կամաց-կամաց կարգավորվում է»:
Նա հերքեց, թե աղբահանության ոլորտում անմխիթար վիճակը կապ ունի նախկին քաղաքապետի հրաժարականի հետ:
Հարցին, թե ինչու այնպես ստացվեց, որ հենց Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ընկերության աշխատանքը կտրուկ վատացավ, Քրիստինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ հարցին պատասխանել է ընկերության տնօրենը՝ ասելով, որ նման խնդիր եղել է նաեւ նախորդ տարի, բայց կարճ ժամանակով. «Տեխնիկական խնդիրներ են, որոնց հետ բախվել է ընկերությունը եւ փորձում է լուծել այն»:
Նա խոստացավ, որ հաջորդ շաբաթ լրագրողներին կհրավիրեն իրենց ընկերություն, հարցերին կպատասխանի տնօրենը։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը աղբով լի տոպրակով մտավ շենք եւ այն թողեց սենյակներից մեկում:
Նա պարզաբանեց, որ Կենտրոն համայնքի բնակիչ է եւ այնտեղ տիրող խայտառակ վիճակը համաճարակի բռնկման պատճառ կարող է դառնալ։ Անգամ Աբովյան փողոցի ամենաբանուկ հատվածում գարշահոտ եւ ճանճեր են։
«Ես իմ տան աղբն եմ բերել՝ երեխայի «պամպերսները»։ Սանիթեքը, որ պատասխանատվություն է ստանձնել աղբահանության խնդիրը կարգավորելու, անգործության է մատնված»,–ասաց ակցիայի մասնակիցը։
Ընդգծեց, որ նույն խայտառակ վիճակը բոլոր համայնքներում է։ Ընկերության ներկայացուցչին կոչ արեց գոնե մինչեւ նոր տենդերի հայտարարումը մոբիլիազնել ուժերը, որպեսզի բողոքի երկրորդ ակցիան չլինի։
«Արդեն կան կազմակերպություններ, մարդկանց մեծ խմբեր, որոնք իրենք էլ ուզում են միանալ, սպասում են «Սանիթեքի» արձագանքին։
Աղբյուր՝ news.am