Մամուլ

«Հրապարակը չի ձևավորել կառավարություն. վարչապետը որոշել է, հրապարակը ծափ է տվել». Արմեն Բադալյան

«Վարչապետին ավելի հոգեհարազատ է՝ որպես հեղափոխական տրիբուն՝ խոսել հանրահավաքի ժամանակ, որովհետև այն ավելի զգացմունքային է, և այն, ինչ խոսվում է հանրահավաքի ժամանակ,  չի ենթադրում ռացիոնալ մտածելակերպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ նկատելով, որ բոլորը խոսում են, թե ինչքան շատ մարդ էր հավաքվել հանրահավաքին, բայց մոռանում են, թե ընտրությունների ժամանակ քանի ձայն էր ստացել Նիկոլ Փաշինյանի ուժը։

«Որ նայում ենք, տեսնում ենք՝ իր ստացած ձայների քանակով մարդ է հավաքվել կամ մի փոքր ավելի քիչ։ Ի դեպ, հանրահավաքը սկսվեց որոշակի ուշացումով, մինչև լցվեց հրապարակը։ Սա մանր տեխնիկական խնդիր չէ»,- նշեց նա։

Բադալյանը նկատեց՝ հանրահավաքից պարզ դարձավ, որ հանրապետությունում ստեղծվում է իշխանության նոր մարմին՝ Հանրապետության հրապարակը. «Հարց է առաջանում՝ դա կա՞ Սահմանադրությունում, թե՞ ոչ. պարզվեց, որ կարելի է ոտքի վրա ինչ-որ նոր մարմին ստեղծել։ Վարչապետը չասաց, որ հարցերը քննարկվելու են հրապարակում, նա ասաց՝ այստեղ ստեղծվում է նոր մարմին, որն արդեն կառավարություն է ձևավորել, ունի լիազորություններ»։

Քաղտեխնոլոգը նկատեց՝ հրապարակը չի ձևավորել կառավարություն. «Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետն ասեր՝ ով է լինելու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, և հրապարակն ասեր՝ Արծվիկ Մինասյանը։ Նման բան չի եղել, վարչապետը որոշել է, հրապարակը ծափ է տվել։

Հրապարակը չի ձևավորել կառավարություն։ Ինչ վերաբերում է նրան, որ նախարարներն այսուհետ հաշվետվություն են ներկայացնելու հրապարակին, ապա նախ, եթե դուք ինչ-որ մարմին եք ստեղծում, պարտավոր եք տալ այդ մարմնի ձևավորման գործընթացը։ Սահմանադրության մեջ հստակ գրված է, թե ինչպես է ձևավորվում ԱԺ-ն, կառավարությունը, դատական մարմինները։ Հիմա իշխանության այս նոր մարմինն ինչպե՞ս է ձևավորվում։ Կա՛մ մենք ընդունում ենք, որ սա պոպուլիզմ էր, կա՛մ սկսում ենք քննարկել այդ մարմնի ձևավորման գործընթացը, որովհետև պարզվում է, որ այդ մարմինն ունի լիազորություններ և մեզ վրա կարող է ազդել. այն կարող է ընդունել կամ չընդունել նախարարի հաշվետվությունը»։

Աղբյուր՝ 168.am

Կիսվել