Մամուլ

Ակնհայտ ապօրինի որոշում էր. Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

Երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինին զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո)  կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին ասել է  Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Վերջինս նշել է, որ որոշումն անօրինական է եւ այն բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:

«Մենք Վերաքննիչից խնդրել ենք, որ խափանման միջոցը վերացվի, կամ գրավ կիրառվի: Դատարանում քննիչը որեւէ հիմք չի ներկայացրել, որ Արթուր Ասատրյանի կալանքի տակ մնալն անհրաժեշտ է եւ հիմնավորված գործի նյութերով, որեւէ փաստական տվյալ չհետազոտելով դատարանը կայացրեց ակնհայտ ապօրինի դատական որոշում: Այն իրողությունները, որ  Հայստանում դատական համակարգը փոխվել է, էս պարագայում մենք հակառակին ենք ականատես լինում, որ կամ պատվերով արդարադատություն է, կամ դատավորը կոմպետենտ չէր»,-ասաց փաստաբանը:

Նա նշել է, որ այս  ընթացքում քննչական գործողություններ, առերեսումներ դեռեւս չեն եղել, ինչը իրենց համար եւս տարօրինակ է եւ անհասկանալի:

Նշենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Աղբյուր՝ news.am

Կիսվել