«Ինձ ասել են, որ երեխան գտնվում է երեք հոգու մոտ, ուղղակի վախենում են բերեն»․ անհետացած Հայկ Հարությունյանի մայրը
Արդեն երկու ամիս մեկ օր որոնվող 14-ամյա Հայկ Հարությունյանի մայրը՝ Հասմիկ Հարությունյանը մտածում է, որ որդին ողջ է և ինչ-որ մեկի մոտ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր վարկածներով կիսվեց Հայկի մայրը:
«Աբսուրդ կթվա, բայց գնացել եմ նայողի, մոմ թափողի, աստղաբանի մոտ, նայել են երեխայիս տվյալներն, ուսումնասիրել են մոլորակների դասավորությունն ու կարծում են երեխան ողջ է: Ես էլ եմ այդ կարծիքին: Ինձ ասել են, որ երեխան գտնվում է երեք հոգու մոտ, ուղղակի վախենում են բերեն, քանի որ մտածում են ես պատասխանատվության կենթարկեմ: Ես խնդրում եմ, եթե այդ անձը երեխային պահում է, վախենում է բերել, ասում եմ՝ ոչ մի գործողություն չեմ ցուցաբերի, թող բերեն երեխային»:
Նրա խոսքով՝ ոստիկանական շունը, որ եկել է մեր տան մոտ, հոտառությունով գնացել է հասել Արարատի ճանապարհի վրա ու կանգ է առել. «Եզրակացնում եմ, որ այնտեղից ինչ-որ մեկը վերցրել ու տարել է»:Նա պատմեց, որ ոստիկանների հետ կապի մեջ է, Վալերի Օսիպյանի հետ է հանդիպել. «Ոչ ոք չի հասկանում ինչ է եղել, Օսիպյանն ասում է, որ պրակտիկայում նման բան չի եղել, մի պատճառ չկա, որ հիմնվեն դրա վրա ու առաջ շարժվեն: Մարդիկ շատ բաներ են խոսում իմ մասին, վատ մեկնաբանություններ գրում, բայց իմ խիղճը մաքուր է»:
Տիկին Հասմիկը պատմեց, որ երեխան ընդհանրապես չի խոսում, բացարձակ արտահայտման ձև չունի. «Իմ աղջիկն էլ աուտիզմ ունի, բայց ի տարբերություն Հայկի՝ հանգիստ վիճակում է: Հայկի մոտ աուտիզմի ագրեսիվ տեսակն է, նրան ինչ-որ ձև տարել են, Հայկը գերբնական ուժ ունի, վախի զգացում ընդհանրապես չունի, նա եթե ագրեսիվ վիճակում գտնվի, կարող է ուժեղ հարվածել մարդկանց, տասը հոգով էլ լինեն, նրան զոռով չեն կարող տանել: Հայկին հնարավոր է տանել, երբ նրան ծխախոտի, դեղի տուփ, կոնֆետի թուղթ, անգամ ձեթի տարայի վրայի թուղթ մեկնեն»:
Նա նշեց, որ նման բան չի եղել, որ որդին գնար ու օրերով չգար. «Գնում էր, երկու ժամից գալիս էր: Այդ օրը փախել է՝ դարպասի վրայից թռնելով: ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Աղբյուր՝ panorama.am