Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը պետք է քննի նրա նախկին ենթական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի օգոստոսի 9-ին: Այդ բողոքը քննելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Սակայն մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Դատավոր Ազարյանը 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ:

Իսկ այդ ժամանակ, ինչպես հիշում եք, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը: ՈՒ հիմա ստացվում է՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը պետք է քննի նրա նախկին ենթական: Թե որքանով այս հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ գործը քննելիս, դժվար է ասել: Չի բացառվում, որ մեղադրող կողմը, հաշվի առնելով այդ հանգամանքը, դատավորին բացարկ հայտնի»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել