ՀՀ ոստիկանությունը գերազանցում է բոլորի սպասելիքները․ Նրանք բացահայտել են 28 տարի առաջ կատարված սպանությունը (Տեսանյութ)
Ոստիկանությունը 28 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտել: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով:
Ավելի ուշ պարզվել է` մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին: Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ:
Սարգսյանը Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող էր: Հարազատները ոչ ոքի չէին կասկածում, վստահեցնում էին, որ թշնամիներ չուներ: Սպանության բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվել են, ստուգվել հետախուզական միջոցառումների պլանով նախատեսված բոլոր վարկածները: Սակայն հանցագործությունը կատարած անձին հայտնաբերել չի հաջողվել: Սակայն դեպքից մոտ երեք տասնամյակ անց սպանությունը բացահայտվել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ ոստիկանության ՔՀԳ վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գառնի գյուղի բնակիչ Մուշեղ Օհանյանը: Օգոստոսի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Մուշեղ Օհանյանը Գառնի գյուղի իր առանձնատնից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Ըստ նրա` կատարվածը դժբախտ պատահականություն էր:
Որսի ժամանակ թփուտների մեջ չէր նկատել տղամարդուն, շփոթել էր որսի հետ ու կրակել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Մուշեղ Օհանյանը ներկայացվել է Արտաշատի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: