Մամուլ

ԱԱԾ-ի նոր բացահայտումները․ բացահայտվել են մեծ թվով թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր:

Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ փոխադրել Վրաստան:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԻԻՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի Վ.Գ-ն քննությամբ առայժմ չպարզված անձից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մոտ 40 գ «ափիոն» տեսակի, մոտ 3 կգ «հերոին» տեսակի և ավելի քան 2 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Այնուհետև, նախնական պայմանավորվածության համաձայն, Վ.Գ-ն թմրամիջոցներով փաթեթները ինքնությունը չպարզված անձի միջոցով հայ-իրանական սահմանի՝ նախապես համաձայնեցված հատվածում փշալարերի վրայով նետելու միջոցով փոխանցել է ՀՀ քաղաքացի Ռ.Օ-ին, ով իր հերթին թմրամիջոցների խմբաքանակը տաքսի ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Լոռու մարզի Շամլուխ գյուղ, սակայն ճանապարհին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար հայ-վրացական սահմանն ապօրինի հատած և նշված վայր ժամանած Վրաստանի քաղաքացի Գ.Գ-ին, ով թմրամիջոցը պետք է տեղափոխեր Վրաստան ու հանձներ մեկ այլ անձի:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել՝ Ռ.Օ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, Գ.Գ-ին՝ 329-րդ հոդվածի 1-ին մասի և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, Վ.Գ-ին՝ 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել