Հայաստանն աղբից կմաքրվի սեպտեմբերին. Նոր Հայաստանում աղբն անհանդուրժելի է
Հայաստանն աղբից կմաքրվի սեպտեմբերին. Նոր Հայաստանում աղբն անհանդուրժելի է
Սեպտեմբերի 15-ին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Համաշխարհային մաքրության օրը։ Նախատեսվում է, որ շարժմանը կմասնակցի մինչև 100 հազար մարդ՝ սկիզբ դնելով նոր սովորույթի։ Այս մասին հայտնում են IdeA հիմնադրամից։
2018 թ․ սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Բելգիան, Հորդանանը, Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քենիան, Տանզանիան, Մոզամբիկը, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Ավստրալիան և այլն։ Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։
Բազմաթիվ հայերի խիզախության և հետևողականության շնորհիվ այսօր երկրում ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը և ապրելու մեզ համար ցանկալի պայմաններում։ Նոր Հայաստանում աղբն անհանդուրժելի է։
Ինչպե՞ս մաքրել երկիրն աղբից մեկ օրում
10 տարի առաջ՝ 2008 թվականին էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակը հրավիրեց իր չորս ընկերներին և առաջարկեց նրանց փորձել երկիրը մաքրել աղբից։ Գաղափարը խենթ էր թվում, սակայն 2008 թ.-ի մայիսի 3-ին երկրի փողոցներ դուրս եկավ 50 հազար մարդ։ Ակցիան վերածվեց մեծ կամավորական շարժման, որը սկզբում գործում էր միայն Էստոնիայում, իսկ այս տարի նպատակ է դրել աղբից ազատել ամբողջ Երկիր մոլորակը։
World Cleanup Day Հայաստանը նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կամավորների մի խումբ։ Մեկ ամսվա ընթացքում նախաձեռնությանը միացավ մի քանի կարևոր գործընկեր. Armenia Tree Project-ը, WWF Հայաստանը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը։
Ամեն օր նորանոր գործընկերներ հայտարարում են նախագծին մասնակցության մասին։ Նախատեսվում է, որ փողոցներն ու շրջակա միջավայրն աղբից ազատելու նպատակով Հայաստանում իրենց ուժերը կմիավորեն մինչև 100 հազար հոգի։ Նախաձեռնությանն արդեն միացել են Դիլիջանի Համայնքային կենտրոնը, Re-Apaga նախաձեռնությունը, UWC Դիլիջանի դպրոցը, Proper Company-ն, Ամերիաբանկը, TriClub-ը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Aurora Baréalisse Marketing & Branding agency-ն, Սանիթեք Հայաստանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ԱՄՆ խաղաղության կորպուս, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ դեսպանության Երևանյան կանաչ թիմը։
World Cleanup Day-ը Հայաստանում տարբերվում է միջազգային շարժումից նրանով, որ չի լինելու մեկ օրվա ակցիա, այլ դառնալու է սկզբնակետ՝ որից հետո կփոխվի բնակչության վերաբերմունքը աղբի հանդեպ և կձևավորվի նոր սովորույթ՝ ապրել մաքուր երկրում։
Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 15-ին և ինչպե՞ս կարելի է մասնակցել
Կազմակերպիչները կպատրաստեն և նախագծի պաշտոնական էջին կհրապարակեն 11 քարտեզ՝ ըստ Հայաստանի մարզերի։ Յուրաքանչյուր քարտեզ բաժանված է լինելու գոտիների, որոնք համակարգվելու են տեղի առաջնորդների կողմից։
Ցանկացած մասնակից կարող է մաքրել իր բակը, ինչպես նաև բացել իր մարզի քարտեզը, ընտրել առավել հարմար գոտին և գնալ այնտեղ։ Ակցիան մեկնարկում է շաբաթ օրը ժամը 10-ին և տևելու է երեք ժամ։ Առաջնորդը կպատմի մասնակիցներին աղբի տեսակների և Հայաստանում դրանց տեսակավորման ձևերի մասին, ցույց կտա տեղանքը և կօգնի աշխատանքի ընթացքում։ Տարածքում իրականացվելու է տեսա և լուսանկարահանում, նախատեսված է նաև հայտնի մարդկանց մասնակցություն։ Տեղի առաջնորդը կհետևի, որպեսզի հավաքված թափոնը բարեհաջող դուրս տարվի։
World Cleanup Day լայնածավալ գովազդային արշավը Հայաստանում կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Ամփոփիչ տեսահոլովակը նախագծի մասին կտարածվի միջազգային ԶԼՄ-ներով՝ Հայաստանում ակցիայի արդյունքներն աշխարհին ցույց տալու համար։