Մամուլ

Փաշինյանն ու Օսիպյանը ինձ 300 հազար դրամ են պարտք. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Պարոնայք Նիկոլ Փաշինյան և Վալերի Օսիպյան, ե՞րբ եք տալու 300 հազար դրամս։ Արդեն երրորդ հոդվածն եմ գրում այն մասին, որ ձեր ցույցերի մասնակից մեքենայի (տաքսու նշանով) վարորդը, ճանապարհը փակելու նպատակով, խախտել է երթևեկության կանոնները, հարվածել իմ մեքենային, ապա Փաշինյանի նկարով ու Հայաստանի դրոշներով փախուստի դիմել դեպքի վայրից։

Համարանիշը փակված էր, չեմ կարող ասել, բայց դա էական չէ այս պահին, քանի որ մեքենայի վրա նոր Հայաստան կերտող առաջնորդի նկարն էր, իսկ դա երևի, ինչ-որ բան նշանակում է, եթե ոչ ոմանց, ապա առնվազն պետական մտածողությամբ մարդկանց համար, իսկ Փաշինյանն ու Օսիպյանը հենց այդպիսիքն են։

Ճիշտ այդքան գնահատեցին վնասը մասնագետները, իսկ ԱՊՊԱ-ն հրաժարվեց վճարել՝ նշելով, որ մյուս կողմը հայտնի չէ, և պետք է դիմել ոստիկանությանը։ Ոստիկանությունն էլ այդ օրերին ո՛չ կար, ո՛չ չկար, և ստիպված եղա իմ միջոցներով նորոգել մեքենաս։

Հեղափոխության (վույ աման) հաղթանակից հետո հույս արթնացավ, որ նոր, դեռ չկեղտոտված իշխանությունները կլսեն Հհ հպարտ քաղաքացուս և մի բան կմտածեն վնասը փոխհատուցելու ուղղությամբ, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը։

Ոստիկանությունը օրենք հռչակեց, որ փոխհատուցվելու են միայն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են ցույցերի օրերին։ Արդա՞ր է։ Իհարկե, ոչ։ Եվ հարց առաջացավ՝ ո՞ր ենք հասցնելու մի գործ, որը սկսում ենք անարդար որոշումներով։ Ի՞նչ է սա, իրարից ջոկում են յուրայինների և օտարների՞ն, թե՞ որոշել են վերջնականպես ք․․․ել  իրենց բռնած գործի մեջ և գնալ տուն։ Չէ, պարոնայք Փաշինյան և Օսիպյան, փողերս բերեք և վերջ։

Դատի տալ չեմ ուզում, որովհետև միլիցեն էլ է ձերը, դատավորն էլ, ԱԱԾ-ն էլ, ՔԿ-ն էլ, ՀքԾ-ն էլ, ԱԻՆ-ն էլ։ Հայ բուդուլ, Հայաստանում դատարանն անկախ է։ Տո լավ է, ես էլ հավատացի։

Ես այս դատական խառը գործերի հետ գլուխ չունեմ, եղբայր, իմ փողը տվեք՝ գնամ։ Ձեզ հրավիրում եմ «Հրապարակի» խմբագրություն, որպեսզի գլխավոր խմբագրի և մյուս գործընկերներիս ներկայությամբ տեղի ունենա այդ ամենը, որպեսզի այս թեմայով այլևս հոդված չգրեմ։

Մեկ այլ տարբերակ էլ կարող եմ առաջարկել։ Այդ գումարը փոխանցեք որևէ սահմանամերձ գյուղի և այդ մասին պատշաճ կարգով ծանուցեք ինձ և «Հրապարակին»՝ որպես արձագանք այս հոդվածին։

Լավ, շատ չծանրաբեռնեմ ձեզ, պարոնայք Փաշինյան և Օսիպյան, այլապես կարող եք մոռանալ ձեր անձնական 300 հազար պարտքի մասին։ Մի խոսքով՝ սպասում եմ ձեր արձագանքին։ Սուրճն ու պաղպաղակը իմ կողմից, մեզ հետ շփվելը՝ ձեր։

Ես ամենայն լրջությամբ եմ ասում, և չբորձեք ականջի հետև գցել։ Հեղափոխությանը չի սազում։

Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել