Մամուլ

ԼՂ նախկին փոխվարչապետը կասկածվում է բանակին ուղղված օգնությունը յուրացնելու մեջ

Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը այսօր Ֆեյսբուքի իր էջում դժգոհություն է հայտնել Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական տունը, Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում և «Մետաքսկոմբինատ» ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում կատարված խուզարկությունների կապակցությամբ։Աղաբեկյանը նշել է, որ դրանց նպատակը եղել է 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր հայտնաբերելը։Նա Վկայակոչելով խուզարկության թույլատվության մասին դատարանի որոշումը՝  նշում է, որ իրեն կասկածում են այդ օգնության յուրացման մեջ։

«Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից», ֊ գրել է Աղաբեկյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զբաղեցնում է ԼՂ փոխվարչապետի պաշտոնը։

Աղաբեկյանը նաև նշել է, որ համաձայն դատարանի որոշման, ինքը «իբր», տրամադրված օգնության մի մասն էլ փոխանցել է Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։

«Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան», ֊ վերջում գրել է Ղարաբաղի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ Ղարաբաղի իշխանություններից ակնկալելով տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատական։

Կիսվել