Լիլի Սարգսյանը անկեղծացել է, թե ինչպիսի տղամարդ է ցանկանում տեսնել իր կողքին (Ֆոտոշարք)
Tert.am Life-ը գրում է․ Տարվա բոլոր եղանակներին պետք է լինել գեղեցիկ և նրբաճաշակ, համոզված է «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը: 18-ամյա Լիլին ասում է, որ Գեղեցկության մրցույթին մասնակցելն ու տիտղոսակիր դառնալն իրեն լիովին փոխել է՝ ավելացնելով ինքնավստահությունն ու օգնելով կյանքին նայել տարբեր կողմերից: Նրա հաղթանակը ժամանակին ունեցավ ինչպես ծափահարողներ, այնպես էլ բազմաթիվ քննադատողներ: Այդ ամենից Լիլին երբևէ չի նեղսրտել: Ասում է՝ ճիշտ հակառակը, դա օգնել է ձգտել ավելիին:
Եթե հոգիդ չարությամբ է լցված, գեղեցկությունը կխավարի․ Լիլին ասաց, որ այս շրջանում փոքր-ինչ զբաղված է և չի հասցրել մեկնել երկարատև հանգստի, Երևանյան շոգերը նա հաղթահարում է ժամանակ առ ժամանակ լողավազան այցելելով. «Դա օգնում է ժամանակավորապես ազատվել շոգից:
Մինչև տևական հանգստի մեկնելը փորձում եմ Հայաստանի տարածքում հանգստանալ՝ օրինակ` քաղաքից դուրս գնալով: Շուտով ընտանիքիս հետ երկրից դուրս կգնամ հանգստի: Ուղղությունս դեռ հստակ չեմ որոշել»:
Լիլիի խոսքով` ամառը տարվա իր սիրելի եղանակն է, երբ ստիպված չէ շատ հագուստ կրել ու ապահովագրված է ցրտից: Նա կարծում է, որ հատկապես այս ժամանակահատվածում աղջիկներն ու կանայք կարող են մի լավ թիթիզանալ: «Կարծում եմ, որ աղջիկը, կինը բոլոր եղանակներին էլ պետք է լինի գեղեցիկ և նրբաճաշակ,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ կանացի գրավչության գաղտնիքը ոչ միայն ու ոչ այնքան գեղեցիկ արտաքինն ու կազմվածքն են, որքան ներաշխարհը,- Որքան էլ կինը գեղեցիկ լինի, եթե հոգին չարությամբ լցված լինի, գեղեցկությունը կխավարի: Պետք է օժտված լինել մարդկային արժեքներով»:
Բացասական կարծիքներն ինձ ցավ չեն պատճառել, ուժ են տվել․ Թեև Լիլին մասնագիտական քայլեր սկսեց մոդելային ասպարեզում, սա իր ընտրած միակ մասնագիտական ճանապարհը չէ: Նա սովորում է Երևանի Մշակույթի համալսարանի քոլեջում՝ դիզայներական բաժնում. «Այս տարի արդեն պետք է ընտրեմ դիզայնի որևէ ճյուղ: Կարծում եմ՝ վերջնականապես կընտրեմ ինտերիերի դիզայնը, նաև հետաքրքրություն ունեմ համակարգչային դիզայնի նկատմամբ»:
Լիլիի խոսքով` դիզայներական աշխատանքը երբեք չի ստվերելու մոդելային ասպարեզում առաջ գնալու իր ցանկությունը: Գեղեցկուհին նպատակ ունի ներկայանալ նաև արտերկրի մոդելային շուկայում: «Այս տարի իմ առջև նպատակ եմ դրել ուժերս փորձել դրսի շուկայում ՝մասնավորապես Ֆրանսիայի մոդելային ասպարեզում»,-ասաց նա: Նա հիշում է, որ «Միսս Արմենիա» մրցույթին իր մասնակցության որոշումը շատ արագ է կայացրել ու, կարելի է ասել, վերջին պահին, իսկ ամենացանկալի տիտղոսը նվաճելը, նրա խոսքով, իր կյանքում շատ բան է փոխել:
««Միսս Արմենիա» ճանաչվելը լիովին փոխեց ինձ. դարձրեց ավելի ինքնավստահ, նպատակասլաց, տվեց նոր ընկերներ և կյանքին սկսեցի նայել տարբեր կողմերից,- ասաց նա և ավելացրեց, որ այդ շրջանում դրական կարծիքների կողքին բացասական մեկնաբանությունների էլ է առնչվել,- Կստեմ, եթե ասեմ` երբևէ չեմ ընթերցել մեկնաբանությունները, բայց դա ինձ ցավ չի պատճառել, ավելի է ուժ տվել` ձգտելու հասնել նպատակներիս:
Քանի որ առաջին քայլս եղել է U CAN մոդելային դպրոցից, միշտ ուղղորդվել եմ այդ կարգախոսով՝ ինքս ինձ ասելով, որ ես կարող եմ: Եթե որևէ բան չի ստացվել, երբեք դրանից չեմ հիասթափվել կամ հետ կանգնել»,-ասաց նա: Լիլին կարծրատիպային է համարում հասարակության մեջ տարածված մոտեցումը, որ մոդելները, որպես կանոն, ինտելեկտով առանձնապես չեն փայլում. «Դա ուղղակի միֆ է: Այդ կարծրատիպը կկոտրվի այն ժամանակ, երբ մարդիկ կփոխեն իրենց մտածելակերպը, որը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»:
Շարունակությունն ու գեղեցիկ ֆոտոշարքը կարող եք դիտել այստեց։