ԺամանցՇոու-բիզնես

«Այս տարի կազմելու եմ իմ ընտանիքը». Էդգար Իգիթյանը` 28-ամյակի և սիրելիի մասին

Թերթ.am-ը գրում է․Դերասան Էդգար Իգիթյանն երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։ Էդգարը բոլորեց 28 տարին, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու հետաքրքիր անակնկալներ է ստացել։

Դերասանը պատմել է օրվա անակնկալների և տարեդարձը միայն սիրելիի ու ընտանիքի հետ նշելու որոշման մասին։ Էդգարը տարեդարձը նշել սկսել է կեսգիշերից։ Ընտանեկան հավաքույթ է ունեցել, որը ձգվել է մինչև ուշ գիշեր։

«Երեկոս անցավ ընտանեկան, շատ ջերմ մթնոլորտում։ Ես մեծ խնջույքների սիրահար չեմ։ Հնարավոր է` մի օր ցանկանամ մեծ խնջույք կազմակերպել, սակայն հիմա, մասնավորապես վերջին տարիներին, նախընտրում եմ հանգիստ միջավայրում նշել ծնունդս»,– ասաց նա ու հավելեց, որ երեկոն ներընտանեկան էր, բայց լի հիշվող, հետաքրքիր ու ջերմ տպավորություններով։

Սիրելին` Լուսինեն Էդգարին նվեր է մատուցել մի քանի օր առաջ։ Դերասանը հայտնեց, որ իրենք գերադասում են նախապես համաձայնեցնել, թե ինչ նվեր մատուցեն իրար. «Օրերս ազատ ժամանակ ունեինք, գնացինք զբոսնելու, հետո էլ` առևտրի։ Նա ինձ գեղեցիկ դասական հագուստ նվիրեց` վերնաշապիկ և տաբատ։ Այսօր ևս հանդիպելու ենք։ Երեկոն միասին կանցկացնենք` միայն երկուսով»։

«Էլենի օրագիրը» մեկ տարում այնպիսի հայտնիություն բերեց Էդգարին, որ այս տարի նա ծնունդը նշեց արդեն բազմաթիվ երկրպագուների շնորհավորանքներով ու անակնկալներով։ Երկրպագուները վաղ առավոտից սպասել էին Էդգարի տան մոտ` նրան շնորհավորելու և անակնկալ մատուցելու համար։

«Այս տարի շատ հետաքրքիր անցավ օրս։ Դուրս եկա տանից ու մեր բակում երեխեքն ինձ են սպասում` փուչիկներով, նկարներով, գեղեցիկ արկղիկով ու բարեմաղթանքներով։ Շատ հետաքրքիր ու օրիգինալ բան էին ստացել։ Այնպիսի ժամի էին եկել, որ հաստատ տանը լինեմ ու վաղ առավոտից սպասել էին, ես էլ մի փոքր ուշ դուրս եկա տանից, քանի որ շատ ուշ էինք քնել։ Երբ տեսա իրենց, հաճելի անակնկալի եկա։ Փաստորեն, գիշերը չէին քնել, պատրաստվել էին, որպեսզի ուրախացնեն ինձ։ Ծանոթացա, շփվեցի իրենց հետ, շատ լավ երեխեք են»,– պատմեց Էդգարը։

Տարեդարձի օրը Էդգարը ոչ թե երազանքներ, այլ նպատակներ է սահմանում իր առաջ, որոնք փորձում է իրականացնել ընթացիկ տարում։ «Նպատակներ շատ ունեմ։ Այս տարին ինձ համար առանձնահատուկ է, քանի որ կազմելու եմ իմ ընտանիքը։ Հիմա հիմնական նպատակներս կապված են դրա հետ»,– ասաց դերասանը, որն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է ընտանիքը` այն, որ ունի և այն, որը կազմելու է։

Ասում է` աշխատանքն էլ է կարևոր, սակայն ընտանիքն առաջնային է։ «Էլենի օրագրի» ավարտից հետո Էդգարն ունի հետաքրքիր նոր առաջարկ, որը բացահայտել առայժմ չի ուզում։ Ասում է` չի սիրում նախապես խոսել ծրագրերի մասին, սակայն հեռուստադիտողների տեսադաշտից միանշանակ չի կորի։

Աղբյուր՝ life.tert.am

Կիսվել